Ղարաբաղյան ռազմական գործողություններին կարող են մասնակցել ԻՊ–ում ներառված ադրբեջանցիներ. փորձագետ

04.04.2016, 13:24
Հնարավոր է, որ ԻՊ–ում ներառված` Ադրբեջանի քաղաքացիներ մասնակցում են ղարաբաղյան ռազմական գործողություններին, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։
Ղարաբաղյան ռազմական գործողություններին կարող են մասնակցել ԻՊ–ում ներառված ադրբեջանցիներ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հնարավոր է, որ ԻՊ–ում ներառված` Ադրբեջանի քաղաքացիներ մասնակցում են ղարաբաղյան ռազմական գործողություններին, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

«Կան տեղեկություններ, որ ԻՊ–ում ներառված` Ադրբեջանի քաղաքացիներ մասնակցում են  ղարաբաղյան ռազմական գործողություններին, և կազմակերպվում է նրանց տեղափոխումն առաջնագիծ», – երկուշաբթի ասաց նա լրագրողներին։

Քաղաքագետը նշեց, որ ադրբեջանցի զինծառայողների գործողություններում նկատվում է ահաբեկիչների նույն ձեռագիրը, որն ադրբեջանական կողմն ուսումնասիրել է Սիրիայում և Իրաքում` «Իսլամական պետության» շարքերում։

«Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերն իրենց պահում անպաշտպան հայ բնակչության հետ։ Խոսքը Թալիշ գյուղի բնակիչների, ինչպես նաև այն երևույթի մասին է, որ ադրբեջանցի զինծառայողներն ակտիվորեն տարածում են գլխատված զինվորի կադրերը», – ասաց Մելիք–Շահնազարյանը։ 

Նրա կարծիքով` այս կերպ Ադրբեջանը փորձում է հնարավորինս ահաբեկել հայ հասարակությանը։

«Քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող ռազմական հանցագործությունները պետք է մանրամասն քննվեն», – հայտարարեց Մելիք–Շահնազարյանը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։

Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 20 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 5 միավոր այլ զրահատեխնիկա, այդ թվում` 1 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա և Ադրբեջանի ԶՈւ–ի 3 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է մեկ տանկ, ունի 18 զոհ, մոտ 40–ը վիրավոր է։ –0–