ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Իտալացի հայտնի լուսանկարիչ Կառլ Մանչինին բացառիկ ֆոտոշարք է պատրաստել Արցախի խիզախ և քնքուշ կանանց մասին։
Maptia.com կայքում հրապարակված ֆոտոշարքի հետ միասին Մանչինին պատմել է Ղարաբաղում ապրիլին գրանցված իրավիճակի սրման մասին։
«Ապրիլի 2–ի գիշերն ադրբեջանական զորքերը հարձակվեցին ԼՂՀ–ի հետ շփման գծի ողջ երկայնքով` վերսկսելով հակամարտությունը, որը երբեք չի ավարտվել», – նշել է նա։
Մանչինին հիշեցրել է, որ Ղարաբաղը 1991 թ.–ին անցկացված հանրաքվեի ընթացքում անկախացավ Ադրբեջանից` պաշտպանելով իր հայկական ինքնությունը, ինչը հանգեցրեց չորս տարի տևած պատերազմին և հազարավոր զոհերին։ Հրադադարից հետո հաստատվեց խաղաղ կյանք, սակայն մնացին անցյալի հետքերն ու վախը, որ հակամարտությունը կարող է վերսկսվել, նշվում է հրապարակման մեջ։
Այդ վախն արտացոլվեց ապրիլի 2–ին ծավալված հնգօրյա պատերազմում, որի հետևանքով հայկական կողմից սպանվեց 85 մարդ (այդ թվում` չորս քաղաքացիական անձ) և մոտ 300–ը վիրավորվեց։
«Ադրբեջանական կողմի զոհերի թիվը շատ ավելին է», – նշել է լուսանկարիչն ու ավելացրել, որ բռնության սրման հետևանքով տարհանվել են գյուղեր, և բնակիչներն օթևանել են մայրաքաղաք Ստեփանակերտի հյուրանոցներում։
Այսօր ռազմական գործողությունները շարունակվում են, չնայած պաշտոնապես այդ ամենը հերքվում է, գրեթե յուրաքանչյուր օր երկու կողմից զոհեր են գրանցվում, ընդգծել է Մանչինին։
Նրա խոսքով` հիմա երկիրն առավելագույնս համախմբված է և զինված։ Բազմաթիվ կամավորներ այժմ առաջնագծում են, շատերը գալիս են Հայաստանից։
Արցախի գրեթե յուրաքանչյուր կին ակտիվորեն մասնակցում է զինվորին սատարող միջոցառումներին և նախաձեռնություններին, գրում է իտալացի հայտնի լուսանկարիչը։
Իրականում, Արցախի յուրաքանչյուր կնոջ ընտանիքում կա եղբայր, հայր, որդի, որոնք պրոֆեսիոնալ զինվորականներ են կամ վերջին օրերին միացել են բանակին, նշում է Մանչինին։
Նրա խոսքով` կանայք հուզմունքով սպասում են իրենց հարազատներին, սակայն միաժամանակ, հենց նրանց ավանդի շնորհիվ է երկիրը կարողանում զարգանալ։ Բազմաթիվ կանայք կարևոր պաշտոններ են զբաղեցնում կառավարությունում և ընդունում են առանցքային որոշումներ Կովկասի լեռներում թաքնված այս երկրի ապագայի համար, որը չեն ճանաչում արևմտյան երկրները։
Կանայք Արցախի հոգին են` հասարակ մայրիկից մինչև մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար, գեղեցկության սրահի աշխատակցից մինչև Գերագույն դատարանի ղեկավար։
Կանայք այդ երկրի ուժն են, որոշ նախարարություններում նրանք կազմում են աշխատակազմի 80 տոկոսը։ Նրանք երազում են անկախության, խաղաղության, իրենց զավակների համար այլ ապագա կառուցելու մասին։ Նրանք սիրում են, պայքարում, լուռ տառապում և հավատում ավանդույթներին։ Նրանք խիզախ են և քնքուշ։ Սա նրանց պատմությունն է։-0