Ոչ սթափ վարորդը և ուղևորները քաշքշել և հարվածել են պարեկներին

28.04.2025, 23:25
Վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են նաև ավտոմեքենայի երկու ուղևորները
Ոչ սթափ վարորդը և ուղևորները քաշքշել և հարվածել են պարեկներին

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են նաև ավտոմեքենայի երկու ուղևորները, որոնք ևս քաշքշել ու հարվածել են պարեկներին:

Ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտած անձինք ձերբակալվել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, իսկ ավտոմեքենան տեղում վերցվել է պահպանության: Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: Ստուգվել է նաև ուղևորների սթափությունը, պարզվել է, որ նրանք ևս ալկոհոլ օգտագործած են եղել։

Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ոստիկանությունից նշում են, որ Հայաստանի քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար։

«Ավելին՝ բռնություն գործադրելով միջամտելու պարագայում օրինախախտին սպառնում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ», – նշել են ոստիկանությունից։

Ոստիկանությունից հորդորել են քաղաքացիներին չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը։

«Յուրաքանչյուր դեպք հանգեցնելու է քրեաիրավական հետևանքի։ Ավելին՝ անհրաժեշտ է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին․ չենթարկվելը կհանգեցնի խիստ հետևանքների», – նշել են ոստիկանությունից։