Վիճաբանություն–ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ ապրիլի 27-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բարբյուսի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հնչել է կրակոց։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Բարբյուսի 10 հասցեի մոտ հայտնաբերվել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «Mercedes» մակնիշի ավտոմեքենա՝ հետևի կողային ապակին կոտրված։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։«Mercedes»-ը քննիչի կողմից կնիքվել է և տեղսափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

