Քաղաքացին դանակով հարձակվել է շտապօգնության բրիգադի վրա, տուժել է վարորդը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել, հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը հայտնել է, որ հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը:
Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել:
«Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և բռնության ցանկացած փորձ և դրսևորում»,– նշել է Ավանեսյանը։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ գնում են խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով:
«ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում: Նաև նախաձեռնելու եմ քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը», – նշել է Ավանեսյանը։