Մտել է հարևանի տուն ու գողացել 3մլն դրամի ոսկեղեն․ 34–ամյա տղամարդուն 2 ժամ անց հայտնաբերել են ու ձերբակալել (ՎԻԴԵՈ)

28.04.2025, 13:40
34–ամյա տղամարդը գողացել է 3մլն դրամի ոսկեղեն ու 2 ժամ անց բռնվել ՎԻԴԵՈ
Մտել է հարևանի տուն ու գողացել 3մլն դրամի ոսկեղեն․ 34–ամյա տղամարդուն 2 ժամ անց հայտնաբերել են ու ձերբակալել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 18-ի ժամը 22.17-ին: Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնում էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ` տնից դուրս էին եկել երեկոյան ժամը ութին, վերադարձել մեկուկես ժամից, ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա` նաև մոտ երեք միլիոն դրամի ոսկեղենի բացակայությունը:

Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ բնակարանային գողության հատկանիշներով։

Նման դեպքերում իրավապահների գործողությունների արագությունն էական նշանակություն է ունենում նաև գողոնի հայտնաբերման հարցում` կանխելով դրա իրացումը:

Գեղարքունիքի քրեական ոստիկանների վարկածը, որ այդ կարճ ժամանակում տուն մտնելն ու գողոնով հեռանալը պատահական չէր: Նույնքան արագ պարզաբանումներից ու ճշգտումներից հետո, ահազանգից ընդամենը երկու ժամ անց, պարզվեց բնակարանային գողությունը կատարած անձի ինքնությունը՝ տուժողի 34-ամյա համագյուղացին էր։ Վերջինս հայտնաբերվեց Մարտունի քաղաքում ու ձերբակալվեց։

Հետագա միջոցառումներով իրավապահներին հաջողվեց հայտնաբերել նաև գողացված ոսկեղենը՝ ողջ ծավալով։

34-ամյա աստղաձորցուն մեղադրանք է ներկայացվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: