Հետապնդում ու կրակոցներ Արարատի մարզում․ պատճառը աղջկա շուրջ թեման է

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 23-ին դետեկտիվ ժանրի հետապնդում և կրակոցներ են տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Ուղի գյուղի վարչական տարածքում ավտոմեքենաների հետապնդում է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Տեղում պարզվել է, որ «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու նրա ուղևորը Նոր Ուղի գյուղի վարչական տարածքում հետապնդել են Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Սարգիս Մ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որում եղել են նաև Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Ա․Մ․–ն 21-ամյա Ա․Ղ․–ն, որի ժամանակ որսորդական հրացանով կրակոցներ են արձակվել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Արմեն Պ.-ին, ով եղել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով, որի ժամանակ էլ վերջինս իր անվամբ հաշվառված հրացանից վախեցնելու նպատակով կրակոցներ է արձակել Ս․ Մ.-ի ավտոմեքենայի ուղղությամբ:
Ոստիկանները հայտնաբերել են Ա․Պ.-ին, Ա․ Գ.-ին, «Chevrolet» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ հետապնդումը, որի ժամանակ հնչել են կրակոցներ, եղել է աղջկա պատճառով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։