Արտակարգ դեպք հայկական գյուղում. արջն անցել է բակերով և հավեր է վնասել

12.07.2019, 15:19
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում։
Արտակարգ դեպք հայկական գյուղում. արջն անցել է բակերով և հավեր է վնասել
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում։

Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը, հուլիսի 12-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 11-ին ժամը 04:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան բակում արջը վնասել է 10 հավ, իսկ 1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 2/1 տան բակում՝ 6 հավ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահի օգնականին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Գյուղատնտեսության և Շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներին:

Բացի այդ, հուլիսի 12-ին, ժամը 01:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ժամը 00:15-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու թիվ 2/2 տան բակում արջը վնասել է 5 հավ։

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահին: -0-