Գյումրու փողոցներից մեկում մի քանի ժամ առաջ ծնված նորածին է հայտնաբերվել.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Գյումրու «Ավտոկայան» թաղամասում նախօրեին հայտնաբերվել է նորածին տղա երեխա:
Այս մասին հայտնում է «Արմենպրես»–ը` հղում անելով ՀՀ ոստիկանությանը։
Լքված երեխայի մասին ահազանգը ստացվել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին: Երեխան հայտնաբերվել է Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ:
Ըստ տեղեկությունների՝ տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդը, նա լսել է երեխայի ձայնը, մոտեցել ու անմիջապես ահազանգել ոստիկանություն ու շտապօգնություն: Նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»:
Բնածին արատ երեխայի մոտ չի հայտնաբերվել:
«Ունեցել է սրտի տոների հազվականություն, ցածր ճնշում: Եղել է կապտակարմրավուն երանգով: Երեխան հասուն նորածին է՝ մի քանի ժամ առաջ ծնված», – ասել է հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը՝ հավելելով, որ թեև երեխան արատ չունի, բայց ունի բուժման կարիք: Երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով ու մեկ տակաշորով, կեղտոտ ու անխնամ:
Հիվանդանոցում անմիջապես կազմակերպվել է երեխայի համապատասխան բուժզննումն ու հետազոտությունները: «Երեխան կմնա վերակենդանացման բաժանմունքում՝ տաքացնող սեղանիկի վրա այնքան մինչև իրավիճակը կարգավորվի: Կլինի բժիշկների հսկողության տակ»,- նշել է Մարգարիտա Հարությունյանը:
Tert.am–ի հաղորդմամբ, փոքրիկն ամենաշատը 6 ժամ առաջ է ծնվել, պորտալարը դեռ թաց է։–0–

