24–ամյա հրազդանցին Telegram–ով թմրանյութ է իրացրել՝ տեղադրելով փաթեթները Գյումրու տարբեր վայրերում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մարտի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ մի երիտասարդ զբաղվում է թմրանյութերի իրացմամբ՝ Գյումրիի տարբեր վայրերում թմրամիջոցներով փաթեթներ տեղադրելով, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Նույն օրը, ժամը 17.15-ին, Օզանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն:
Անձնական խուզարկությամբ նրա ուսապարկում հայտնաբերվեց կպչուն ժապավենով ութ փաթեթ:
Ըստ նրա` փաթեթներում կանեփ տեսակի թմրանյութ է, որը տելեգրամյան ալիքի միջոցով վերցրել է Երևանում` Գյումրիում տեղադրելու համար: Երիտասարդը հավելել է, որ երոք փաթեթ արդեն տեղադրել է, և պատրաստ է դրանք ներկայացնել:
Ուսապարկում հայտնաբերվել են նաև դեղնականաչավուն զանգված ու մոխրացած հետքերով կաթուցիչ:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ հոդվածների հատկանիշներով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):
Զննությամբ Մայակովսկու փողոցում հայտնաբերվել և վերցվել են նաև երիտասարդի տեղադրած երեք փաթեթները: 24-ամյա հրազդանցին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

