Ասանժը կհնչունավորի «Սիմփսոնների» հոբելյանական սերիայի կերպարներից մեկին

31.01.2012, 11:05
Ասանժը կհնչունավորի «Սիմփսոնների» հոբելյանական սերիայի կերպարներից մեկին

Wikileaks սկանդալային ինտերնետ ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժը կհնչունավորի ամերիկյան լեգենդար մուլտսերիալի՝ «Սիմփսոնների» կերպարներից մեկին, երեքշաբթի հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Սերիալը ստեղծողների ներկայացուցիչ Անտոնիա Քոֆմանը (Antonia Coffman) տեղեկացրել է, որ Ասանժը՝ որպես հրավիրված աստղ, կհայտնվի «Սիմփսոնների» 500-րդ հոբելյանական սերիայում, որը եթերում կլինի փետրվարի 19-ին, նշում է ՌԻԱ Նովոստին:

Այդ դրվագում Սիմփսոնների ընտանիքը լիարժեք կազմով է՝ Հոմերը, Մարջը, Բարթը, Լիզան և Մեգին: Նրանք լքում են մտացածին Սպրինգֆիլդի իրենց տունը և տեղափոխվում են ինչ-որ հետնախորշ, որտեղ նրանց հարևան է դառնում Ասանժին պատկերող կերպարը:

Ամերիկյան հեռուստատեսության ողջ պատմության մեջ ամենաերկար  մուլտսերիալը՝ «Սիմփսոնները», հեռարձակվում է 1989թ.-ից: Այդ ընթացքում այն Emmy Award-ի 24 մրցանակ է ստացել, Annie Award-ի՝ 26 մրցանակ, Peabody Award պարգևը, «XX դարի մեծագույն շոու» կոչումը և աստղ՝ Փառքի պուրակում:

Մեկ շաբաթ առաջ արդեն տեղեկացվել էր, որ Ասանժը հանդես կգա որպես սեփական ծրագրի հաղորդավարը և հաղորդման ընթացքում կխոսի ժամանակակից համաշխարհային հանրության սուր խնդիրների մասին: Ավելի ուշ Russia Today ռուսական հեռուստաալիքը հայտնել էր, որ այդ ծրագիրը իր բացառիկ նախագիծն է և եթեր դուրս կգա մարտին: -0-