Շուրջ հարյուր մարդ տեղափոխվել է հիվանդանոց Դրեզդենի տեխնիկական համալսարանի լաբորատորիայում անհաջող քիմիական փորձարկման հետևանքով, ուրբաթ գրում է Saechsische Zeitung տեղական թերթի կայքը:
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան, երբ համալսարանի առաջին կուրսեցիները լաբորատորիայում քիմիական փորձարկումներ են անցկացրել: Ըստ թերթի տվյալների՝ ուսանողները հանկարծ սկսել են տհաճ հոտ զգալ, իսկ երիտասարդներից մեկը ուշագնաց է եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Լաբորատորիայի շենքն անմիջապես ազատվել մարդկանցից այն կասկածանքով, որ շենքում տարածվել է արսին գազը, որը մկնդեղի ամենավտանգավոր միացություններից մեկն է: Քանի որ արսինով թունավորման ախտանիշերը դրսևորվում են այն շնչելուց մի քանի ժամ անց հետո միայն, շուրջ 100 ուսանողներ, լաբորանտներ և փրկարար ծառայության աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց՝ հետազոտվելու նպատակով:
Առաջին իսկ անալիզներից հետո բժիշկները հայտարարել են, որ մտավախությունը կեղծ է, գրում է թերթը: Հիվանդանոց տեղափոխված մարդկանցից ոչ մեկի մոտ արսինի թունավորումը չի հաստատվել: Փրկարարների տվյալների համաձայն՝ առաջացած գազի քանակությունը չափազանց չնչին էր, բացի այդ արսինն արագորեն դուրս է եկել շենքից:
Ինչպես տեղեկացրել է համալսարանի ռեկտոր Հանց Մյուլեր-Շտայնհագենը, փրկարարների ժամանակին արձագանքման և ուսանողներին արագ տարհանելու շնորհիվ հաջողվել է խուսափել մեծ քանակությամբ տուժածներից:-0-