Ինտերպոլի տվյալների բազան 2011 թ.-ի ընթացքում համալրվել է հետախուզման մեջ գտնվող 25 հազար նոր անձանց անուններով

19.01.2012, 18:12
Ինտերպոլի տվյալների բազան 2011 թ.-ի ընթացքում համալրվել է հետախուզման մեջ գտնվող 25 հազար նոր անձանց անուններով

Ինտերպոլի տվյալների բազան նախորդ տարվա ընթացքում համալրվել է հետախուզման մեջ գտնվող 25 հազար նոր անձանց անուններով, այժմ բազայում շուրջ 75 հազար մարդ կա, հինգշաբթի Լոնդոնի օտարերկրյա մամուլի ասոցիացիայում (Foreign Press Association) կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոուբլը:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ նա պարզաբանել է, որ այժմ տվյալների բազայում կա հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող 26 հազար մարդու անուն, որոնց նկատմամբ Ինտերպոլի կողմից ներկայացվել են, այսպես կոչված, «կարմիր ծանուցումներ» (red notices), որոնք նախատեսում են անհապաղ ձերբակալում և հայրենադարձության հեռանկար: Ինտերպոլի տվյալների բազայում ներառված է 49 հազար մարդ, որոնց նկատմամբ ներկայացված են, այսպես կոչված, «տարածումներ» (diffusions), երբ ազգային բյուրոները ցանկանում են տեղեկացնել իրենց գործընկերներին այն մասին, որ այս կամ այն անձի նկատմամբ ձերբակալման օրդեր է դուրս գրվել:

Նոուբլի ներկայացրած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում առաջին կատեգորիան համալրվել է 10 հազար նոր անունով, երկրորդը՝ 15 հազար:

Նոուբլը նաև նշել է, որ իր պաշտոնավարման 11 տարիների ընթացքում միջազգային իրավապահ կազմակերպության տվյալների բազայում մարդկանց ընդհանուր թիվն աճել է մոտավորապես վեց անգամ:

«Դա հիմնականում տեղի է ունենում տեխնոլոգիաների զարգացման և Ինտերպոլի աշխատանքի մասին հրապարակային իրազեկվածության պատճառով...Լավ կապն ու հաղորդակցությունը հանգեցնում են նրան, որ այսօր շատ ավելի հեշտ է մեր համակարգում տվյալներ տեղադրել, հատկապես՝ պակաս ֆորմալ «տարածումներ»», - ընդգծել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարը:

Նա նաև նշել է, որ աճել է հրապարակային ծանուցումների թիվը: Եթե 2000 թ.-ին տվյալների բազայում բոլոր ծանուցումների 95 տոկոսը կրում էր ներքին, ծառայողական բնույթ, ապա այժմ նրանց մասնաբաժինը նվազել է մինչև 45 տոկոսի, երկու կատեգորիաների մնացած ծանուցումները հասանելի են բոլորին:

«Եթե դրանք ազգային մակարդակում հրապարակվել են, ապա կհրապարակվեն նաև միջազգային մակարդակում», - պարզաբանել է Ինտերպոլի ղեկավարը:-0-