Բրազիլացի թմրավաճառները երգչուհի Էմի Ուայնհաուսի լուսանկարներն օգտագործում են կոկաին գովազդելու համար
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսին մահացած երգչուհի Էմի Ուայնհաուսի լուսանկարն օգտագործվում է բրազիլացի թմրավաճառների կողմից կոկաինի վաճառքները մեծացնելու համար, չորեքշաբթի հայտնել է ԱՖՊ գործակալությունը՝ հղում անելով բրազիլական ոստիկանությանը։
Ռիո դը Ժանեյրոյի հետնախորշերից մեկում ոստիկանական օպերացիայի ընթացքում բռնագրավված կոկաինի փաթեթների վրա տեղադրված են Ուայնհաուսի լուսանկարները։ Յուրաքանչյուր այդպիսի փաթեթ արժե 10-ից 25 բրազիլական ռեալ (4,5-11 եվրո), նշում է ՌԻԱ Նովոստին։
«Սպիտակ թմրանյութի վաճառողները փորձել են շահ ունենալ մամուլում տեղ գտած տեղեկությունից այն մասին, որ Ուայնհաուսը թմրամոլ է եղել»,- իրավիճակը մեկնաբանել է ոստիկանության ներկայացուցիչը։
27-ամյա երգչուհու մահվան պատճառներն այդպես էլ չեն հրապարակվել։ Նրա մարմինը հայտնաբերել են այս տարվա հուլիսին լոնդոնյան իր բնակարանում։ Թունաբանական թեստերի արդյունքները պետք է պատրաստ լինեն մի քանի շաբաթների ընթացքում, մինչդեռ հավանական վարկածը չափազանց մեծ քանակով թմրանյութ օգտագործելն է, քանի որ Ուայնհաուսը երկար տարիներ տառապել է թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից։ -0-