Beatles-ի՝ ԱՄՆ-ում կայացած առաջին համերգի լուսանկարները վաճառվել են ավելի քան 360 հազար դոլարով
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Beatles հայտնի բրիտանական ռոք խմբի՝ ԱՄՆ-ում կայացած առաջին համերգի լուսանկարները Նյու Յորքի Christie's աճուրդի տանը գրեթե 362 հազար դոլարով են վաճառվել, ինչն ավելի քան եռակի անգամ գերազանցել է մասնագետների կանխատեսումները, հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը՝ հղում անելով աճուրդի տան հայտարարությանը։
«Լիվերպուլյան քառյակը» իր առաջին անդրօվկիանոսյան համերգը տվել է 1964թ.-ի փետրվարի 11-ին Վաշինգտոնում։ «Բզեզների» ելույթի ընթացքում յուրօրինակ լուսանկարներն արել է 18-ամյա Մայք Միթչելը (Mike Mitchell), ում հաջողվել է բեմ դուրս գալ։ 47 տարի անց Միթչելն առաջին անգամ նեգատիվներից 46-ը տպել է։ Աճուրդի տան փորձագետները հայտնում են, որ այդ համերգի լուսանկարները չափազանց քիչ են պահպանվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Աճուրդի ընթացքում լուսանկարներն առանձին են վաճառվել, միաժամանակ Միթչելի ամենաուշագրավ լուսանկարը, որտեղ երաժիշտները պատկերված են գլխավերևում լուսապսակով, ձեռք է բերվել 68,5 հազար դոլարով։
Մինչ աճուրդի սկիզբը մասնագետները ենթադրում էին, որ հազվագյուտ լուսանկարների արժեքը կկազմի շուրջ 100 հազար դոլար։ Աճուրդի արդյունքում լուսանկարների համար տրված ընդհանուր գումարը կազմել է 361 հազար 938 դոլար։
Հունվարին Ջոն Լենոնի սպիտակ կոստյումը, որում նա պատկերված է Abbey Road խմբի վերջին ալբոմի շապիկին, ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ վաճառվել է 46 հազար դոլարով։
1960թ.-ին ստեղծված «Բիթլզ» խումբը մեծ ներդրում է կատարել ռոք երաժշտության և ընդհանուր առմամբ ռոք մշակույթի ճանաչելիության և զարգացման մեջ։ Անսամբլի կազմում էին Ջոն Լենոնը (կիթառ, դաշնամուր, շրթնահարմոն, վոկալ), Փոլ Մաքարթնին (բաս-կիթառ, դաշնամուր, վոկալ), Ջորջ Հարիսոնը (սոլո կիթառ, վոկալ) և Ռինգո Սթարան (հարվածային գործիքներ, վոկալ)։
Խմբի հիմնական ալբոմներն են Hard Day's Night, Help!, Revolver, Sgt. Pepper's Lonely Hearts Club Band, The Beatles (որը նաև հայտնի է որպես «Սպիտակ ալբոմ»), Yellow Submarine, Abbey Road և Let It Be.--0—