S7 ավիաընկերությունը չեղարկել է բոլոր միջազգային չվերթերը

04.03.2022, 14:53
S7 ավիաընկերությունը չեղարկել է բոլոր միջազգային չվերթերը
S7 ավիաընկերությունը չեղարկել է բոլոր միջազգային չվերթերը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. S7 ավիաընկերությունը մարտի 5–ից չեղարկում է բոլոր միջազգային չվերթերը, նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։

S7–ի ուղևորները կարող են վերադառնալ տուն գործընկեր ընկերությունների չվերթերով, հաղորդում է ՏԱՍՍ–ը:

«Մարտի 5–ից S7 Airlines–ը ստիպված է չեղարկել միջազգային ուղղությունների բոլոր չվերթերը։ Չեղարկված չվերթերի ուղևորները ծանուցում են ստանում ավիաընկերությունից, մեր մասնագետներն աշխատում են նրանց հետ S7 Airlines–ի ներկայացուցչություններում։ Նրանք օգնում են զբոսաշրջիկներին վերադառնալ տուն գործընկեր ավիաընկերությունների չվերթերով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախօրեին ընկերությունը հայտնել էր, որ չի փակում թռիչքների միջազգային ծրագիրը, այլ չեղարկում է արտերկիր նախատեսված մի շարք չվերթերը։

Ռուսաստանի ԱԳՆ–ն, Տրանսպորտի նախարարությունը, Ռոսավիացիան և Ռոստուրիզմը համաձայնեցնում են հատուկ հումանիտար չվերթեր Ռուսաստանի համար իրենց օդային տարածքը փակած երկրների հետ` ՌԴ քաղաքացիներին տուն վերադարձնելու համար։ Հինգշաբթի` մարտի 3–ին, Բուլղարիայից մոտ 100 զբոսաշրջիկ է վերադարձել։

Ավելի վաղ Ռուսաստանը փակել էր իր օդային տարածքը 36 երկրների հետ` ռուսական օդանավերի համար օդային տարածքի փակմանն ի պատասխան։ Փետրվարի 27–ին ԵՄ 27 երկրների արտգործնախարարները հավանություն են տվել ԵՄ օդային տարածքի փակմանը Ռուսաստանի օդանավերի համար։ Ավելին, հատուկ օպերացիայի կապակցությամբ Ռուսաստանը մինչև մարտի 8–ը փակել է հարավային օդային տարածքի մի մասը։–0–