Մի լուսանկարի պատմություն. ռեպորտաժ 7-ամյա տղայի մասին, ով երազում է հանդիպել Արցախի նախագահի հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղում պատերազմի առաջին օրերից համացանցում մեծ ճանաչում է ձեռք բերել մի լուսանկար, որտեղ Արայիկ Հարությունյանը թեյ է խմում առաջնագծում՝ զինվորներով շրջապատված:
Լոս Անջելեսում բնակվող 7-ամյա Հարութն ու իր կրտսեր քույրը՝ Լորին կրկնօրինակել են այդ լուսանկարը, որը ևս մեծ ուշադրության է արժանացել համացանցում:
ՀՀ կառավարությունն այսօր հրապարակել է ամերիկաբնակ Հարութի ընտանիքի մասին տեսանյութ:
«Հաղթելու ենք», - վստահաբար ասում է փոքրիկը Հարութը, որի լուսանկարը լայն տարածում գտավ այս օրերին։ Ճիշտ այնպես, ինչպես Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ սուրճով ու հանդարտ վճռականությամբ։
«Ես ուզում եմ Արցախ գնալ, սուրճ չեմ կարող խմել, բայց պրն․ Արայիկի հետ կլուսանկարվեմ,- «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում հայտնել է ամերիկաբնակ Հարութ Բոյաջյանը։
Հարութի մայրը՝ Նանոր Բոյաջյանը, կատարել է որդու ցանկությունը՝ մի քանի րոպեով լինել զինվոր։ Հարութն ընտրել է Արայիկ Հարությունյանի նկարն ու դարձել հայտնի։
«Արայիկ Հարությունյանի այդ նկարը հոյակապ նկար է մեզ համար։ Մտածեցի՝ նկարը դնեմ, որ մարդիկ տեսնեն, միգուցե ուրախություն կբերի այս տխուր օրերում»,-նշում է մայրը։
Մարդկանց դրական հույզեր փոխանցելուց բացի, մայրը մտածել է նկարն օգտագործել զինվորներին աջակցելու համար։ Դրամահավաք են սկսել։
«Ստեղծեցինք դրամահավաքի էջ, որպեսզի հավաքված գումարները գնա «Հայաստան» համահայկական հիմնադրամին և հասնի մեր զինվորներին։ Էջում նշել էինք 10 հազար դոլարի շեմը, արդեն հավաքվել է 7500-ը։ Գրեթե հասնում ենք մեր նպատակին։ Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի մեր զինվորները հաղթեն և վերադառնան իրենց տուն, իրենց ընտանիքներին և զավակներին»,-եզրափակել է Նանոր Բոյաջյանը։
Իսկ Հարութը ևս մեկ անգամ վստահեցնում է՝ հայ զինվորները հաղթելու են չարին։-0-