Լոս Անջելեսից Չինաստան ուղևորվող օդանավը վերադարձել է, քանի որ օդաչուն մոռացել է իր անձնագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Լոս Անջելեսից Չինաստան թռչող United Airlines ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ այն բանից հետո, երբ պարզվել է, որ օդաչուներից մեկն իր հետ չի վերցրել իր անձնագիրը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ին հայտնել են ավիաընկերության ներկայացուցիչները։
Boeing 787-ը շաբաթ օրը օդ է բարձրացել Լոս Անջելեսի օդանավակայանից։ Ինքնաթիռում եղել է 257 ուղ7որ և անձնակազմի 13 անդամ։ Ինքնաթիռն ուղևորվել է դեպի Շանհայ՝ թռչելով Խաղաղ օվկիանոսի վրայով։
Սակայն մեկնելուց երկու ժամ անց ինքնաթիռը շրջվել է և ուղևորվել դեպի Սան Ֆրանցիսկո։ Օդաչուն օդանավում անձնագիր չի ունեցել, ավիաընկերությունը կազմակերպել է անձնակազմի փոխարինում, որպեսզի ուղևորները տեղ հասնեն նույն երեկո։ Ուղևորներին տրամադրել են սննդի կտրոններ և փոխհատուցում պատճառած անհարմարության համար։ Նոր անձնակազմը Շանհայում վայրէջք է կատարել վեց ժամ ուշացումով։