Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութի արվարձանի ուղղությամբ․ 4 մարդ մահացել է, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ իսրայելական ավիահարվածի զոհերի թիվը հասել է չորսի, որոնցից երկուսը չորս և վեց տարեկան երեխաներ են, 74 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության Առողջապահության նախարարությանը։
Հուլիսի 30-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները չորս հրթիռ են արձակել Բեյրութի հարավային Դահիյա արվարձանի ուղղությամբ, որը ծառայում է որպես «Հըզբոլլահի» հենակետ: Թաղամասում, որտեղ ընկել են հրթիռները, ավերվել է չորս հարկանի շենք, վնասվել են հարևան շենքերն ու կայանված մեքենաները։
Հարձակման նպատակն էր վերացնել «Հըզբոլլահի» ռազմական առաջնորդ Ֆուադ Շուքրին, որը գլխավորում էր օպերատիվ շտաբը։ Ստացած վնասվածքների հետևանքով նա մահացել է հիվանդանոցում, թեև սկզբում հաղորդվում էր, որ հրամանատարին հաջողվել է փրկվել։
Հուլիսի 27-ին հրթիռը հարվածել է Մադջդալ Շամսի գյուղին Գոլանի բարձունքներում, ինչի հետևանքով զոհվել է 11 երեխա, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Իսրայելը հարձակման մեջ մեղադրել է Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահ» խմբավորմանը: Վերջինս չի ընդունել իր մասնակցությունը հարձակմանը, սակայն Մադջդալ Շամսի վրա հարձակումից մեկ ժամ առաջ «Հեզբոլլահը» հայտարարել է հրթիռային հարձակման մասին՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերի հրթիռակոծմանը:

