Թուրք պատգամավորները նիստի ժամանակ զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել (ՎԻԴԵՈ)

17.08.2024, 16:43
Նրանք ծեծել են իրար շուրջ 25 րոպե, ընդմիջումների ժամանակ խորհրդարանի աշխատակիցները մաքրել են արյան հետքերն ամբիոնից․ ՎԻԴԵՈ
Թուրք պատգամավորները նիստի ժամանակ զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Ընդդիմության պահանջով գումարված Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, նիստը հրավիրվել էր պատգամավոր Ջան Աթալային մանդատից զրկելու կապակցությամբ։

Նիստը երեք անգամ ընդհատվել է, Մեջլիսի խոսնակ Նուման Քուրթուլմուշը ստիպված է եղել միջամտել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ NTV հեռուստաալիքին հղումով։ 

Ծեծկռտուքը սկսվել է ամբիոնից Թուրքիայի Աշխատավորական կուսակցության պատգամավոր Ահմեդ Իշըքի ելույթի ժամանակ, ով անբարեխիղճ է անվանել բոլոր նրանց, ովքեր որոշել են Աթալային զրկել մանդատից։ Ընդդիմության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները կռվել են մոտ 25 րոպե։ NTV-ի փոխանցմամբ՝ մի քանի մարդ ծանր վիրավորվել է։ Ընդմիջումների ժամանակ խորհրդարանի աշխատակիցները մաքրում էին արյան հետքերը ամբիոնում, որտեղ խորհրդարանականները «հարցեր էին պարզում»։

Իրավապաշտպան Ջան Աթալայը 2022 թվականին դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգում հակակառավարական ցույցերին մասնակցելու համար։ 2023 թվականի մայիսին նա պատգամավոր է ընտրվել Աշխատավորական կուսակցությունից։

2023 թվականի հոկտեմբերին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշել է ազատ արձակել Աթալային, սակայն Գերագույն վերաքննիչ դատարանը այս որոշումը համարել է օրենսդրության խախտում։ Անցյալ տարվա դեկտեմբերին Սահմանադրական դատարանը կրկին պահանջել է ազատ արձակել ընդդիմադիր գործչին՝ նշելով, որ խախտվել է Աթալայի՝ ընտրվելու և քաղաքական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքը։ Սակայն 2024 թվականի հունվարին խորհրդարանը նրան զրկել ՝ պատգամավորի կարգավիճակից՝ հիմնվելով Վերաքննիչ դատարանի վճռի վրա։ Ընդդիմությունն այս որոշումը որակել է Սահմանադրության կոպիտ խախտում։