Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով

26.06.2017, 18:01
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Մադրիդի դատարանի դատավոր Մարիա դել Կրեսպոն կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։

Ինչպես հաղորդում է meduza.io–ն, վճիռը կայացվել է Մարիա Պիլար Աբել Մարտինեսի հայցով, ով փորձում է ապացուցել, որ նա Դալիի կենսաբանական դուստրն է։

Նկարչի մարմինն արտաշիրիմելու որոշում է կայացվել, քանի որ նրա մահից հետո չեն պահպանել կենսաբանական նմուշներ, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ իրականացնել փորձաքննություն։ Աբելի փաստաբանի կարծիքով, մարմինը կարող է արտաշիրիմվել արդեն հուլիսին։

Պիլար Աբելը 2007 թ.–ից փորձում է ապացուցել, որ նա Դալիի դուստրն է։ Նրա խոսքով, նրա մայրը պատմել է, որ 1955 թ.–ին գաղտնի սիրավեպ է ունեցել նկարչի հետ` Աբելի լույս աշխարհ գալուց մեկ տարի առաջ։

Ֆինանսների նախարարության ու «Գալա և Սալվադոր Դալիի» հիմնադրամի դեմ հայցը ներկայացվել է 2015 թ.–ին։ ԴՆԹ–ի փորձաքննության դրական արդյունքի դեպքում Աբելը կարող է կրել Դալիի ազգանունը, ինչպես նաև կհավակնի նկարչի աշխատանքների հեղինակային իրավունքին։  

«Գալա և Սալվադոր Դալիի» հիմնադրամի ներկայացուցիչները դեռ որևէ կերպ չեն մեկնաբանել դատարանի վճիռը։

Սալվադոր Դալին մահացել է 1989 թ.–ին 84 տարեկանում։ Նա ստեղծել է ավելի քան մեկուկես հազար կտավ, իլյուստրացիա և քանդակ։ Դալին սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է։–0–