Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
«Բազմիցս կառավարության ուշադրությունը դարձրել եմ այն հանգամանքին, որ հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների հատուկ կատեգորիաների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու հետ կապված հարցերը պետք է առավելագույնս պարզեցվեն, բյուրոկրատիան ոչնչացվի», – հայտարարել է ՌԴ նախագահը Մշակույթի և արվեստի հարցերով ու Ռուսաց լեզվի հարցով նախագահական խորհուրդների նիստի ժամանակ։
Ինչպես հաղորդում է «Վեդոմոստին», հղում անելով Ինտերֆաքսին, Պուտինի խոսքով, ընթացակարգի դյուրացման գործընթացը բարդ է։ «Այստեղ շատ են անվտանգության ապահովման հետ կապված բաղադրիչները», – ավելացրել է նա։–0–