Վարկային զիջումներ, տույժերի վերացում. ի՞նչ քայլերի են դիմել հայկական բանկերը

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը փոխեց հասարակ մարդկանց կյանքը, իսկ հայաստանցիների համար վիճակն ավելի վատացավ Արցախում սեպտեմբերի վերջին սկսված պատերազմի պատճառով։
Համավարակի պատճառով հայկական բանկերն ընդառաջ գնացին իրենց հաճախորդներին և շատերին տրամադրեցին վարկային արձակուրդներ և վարկերը վերակառուցվածքայնացնելու հնարավորություն։ Միաժամանակ սահմանված ռազմական դրության պայմաններում պահանջվեցին ավելի արմատական միջոցներ, այդ թվում` օրենսդրական փոփոխություններ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ փոփոխությունները։
Հարցի էությունը
Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի կապակցությամբ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ մոբիլիզացվեցին, շատերն էլ ինքնակամ մեկնեցին ռազմաճակատ։ Պատերազմի պայմաններում, իհարկե, վարկերի վերադարձի կամ վարկային պարտավորությունների վճարման հարցը քաղաքացիների այդ խմբի համար դարձավ երկրորդական։ Միաժամանակ բանկերն ըստ օրենքի պետք է շարունակեին հաշվեգրել տարբեր տույժեր և տուգանքներ ժամկետանց վճարների համար, սակայն նրանք այդ քայլին չդիմեցին` դրսևորելով գիտակցություն և ընդառաջելով փոխառուներին։
Զիջումներ և վարկային արձակուրդներ
Արցախում ռազմական գործողությունները սկսելուց անմիջապես հետո Հայաստանի բանկերի միությունը խորհրդակցություններ անցկացրեց Կենտրոնական բանկի հետ և որոշեց գնալ զիջումների` մոբիլիզացվածների կամ որպես կամավոր առաջնագիծ մեկնած փոխառուների համար։ Արդյունքում որոշվեց ուշացում չհամարել փոխառուների վարկային գծով վճարումներ չկատարելը։
Ավելին, այս խմբի քաղաքացիների վճարում չկատարելը չի արտացոլվի վարկային ռեգիստրում, և տույժեր ու տուգանքներ չեն գանձվի: Այս որոշումից օգտվելու համար անհրաժեշտ է միայն ֆինանսական կառույցին ներկայացնել զինկոմիսարիատի կողմից տրված դիմում: Նման մոտեցում են ցուցաբերել նաև Հայաստանի վարկային կազմակերպությունները՝ համաձայնելով զիջումներ կատարել բանակ մոբիլիզացված կամ կամավոր ներգրավված վարկառուների համար:
Պարտքերի ներում
Բնականաբար, վարկային արձակուրդները և զիջումները չեն լուծի բոլոր խնդիրները, մասնավորապես` վարկառուի հնարավոր անաշխատունակ դառնալու կամ մահվան դեպքում: Այս իրավիճակում վարկառուի ընտանիքը կարող է կանգնել կրկնակի խնդրի` գումար վաստակողի կորստի և վարկի մարման անհրաժեշտության առջև: Բանկերի համար ստեղծված իրավիճակը հղի էր չաշխատող վարկերի մասնաբաժնի աճով և այլ բացասական հետևանքներով: Հետևաբար, իշխանությունները որոշեցին ֆինանսական հաստատություններին օրենսդրական մակարդակով լրացուցիչ հնարավորություններ տրամադրել` ներելով վարկային պարտավորությունները:
Օրենքով ներել վարկը
Դեռ 2018-ին հնարավորություն էր ստեղծվել, որպեսզի բանկերը կարողանան ներել 2018 թվականի մայիսի 31-ի դրությամբ ֆիզիկական անձանց անհույս վարկերի տուգանքներն ու տույժերը՝ առանց հարկային հետևանքների: Այս փոփոխությունը ներդրվել էր եկամտահարկի բազայի վրա ճնշումներից խուսափելու համար:
Պատերազմի հետ կապված՝ կառավարությունը ներկայացրեց, իսկ պատգամավորները օպերատիվորեն հաստատեցին Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք ֆինանսական և վարկային կազմակերպություններին թույլ են տալիս ներել զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինվորականների և նրանց հետ կապված անձանց վարկեր: Խոսքը ոչ միայն տուգանքների և տույժերի մասին է, այլ նաև վարկային պայմանագրի մայր գումարի:
Օրենսդրական փոփոխությունները բանկերին ազատում են ոչ միայն մահացած և հաշմանդամություն ունեցող զինծառայողների, այլ նաև նրանց անմիջական հարազատների` նրանց հետ ապրող ծնողների, ամուսինների և երեխաների ներված վարկերի դիմաց հարկային պարտավորություններից: Ընդ որում՝ ներված վարկի գումարը հայտարարագրվում է որպես եկամուտ և ենթակա չէ հարկման: Այսպիսով, պետությունն իր վրա է վերցնում ֆինանսական կորուստների մի մասը, որոնք առաջանում են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից եկամուտ չստանալու հետևանքով:
Ավելի մեծ աջակցություն փոխառուներին
Ինչպես մեկնաբանում են ՀԲՄ-ից, օրենսդրական փոփոխությունները նաև թույլ կտան բանկերին առանց հարկային հետևանքների ընդլայնել փոխառուներին տրամադրվող օգնությունը: Միևնույն ժամանակ, ռազմական դրության ավարտից հետո, բանկերը կքննարկեն վարկային պարտավորությունները ներելու հնարավորությունը մարդկանց որոշակի խմբերի համար: Դա անելու համար յուրաքանչյուր բանկ, հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի ֆինանսական վիճակի վերլուծությունը, կցուցաբերի անհատական մոտեցում`առաջարկելով համապատասխան լուծումներ: Ռազմական դրության ընթացքում տուգանքների, տույժերի կամ վարկերի դասակարգման գծով համապատասխան որոշումներ կկայացվեն նաև բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է հետևել բանկերի հայտարարություններին կամ դիմել վարկառուին սպասարկող բանկ:
Որոշողը բանկն է
Միջոցառման շահառուների թվի մասին հստակ գնահատականներ դեռ չկան: Այնուամենայնիվ, նախնական գնահատականներով, հոկտեմբերի 6-ին խոսքը մոտ 13,5 միլիարդ դրամ տույժ և տուգանքի մասին էր, որոնք հնարավոր է ներվեն: Դրա գրեթե կեսը բաժին է հասնում բանկերին, իսկ մնացած մասը `վարկային կազմակերպություններին: Ընդհանուր առմամբ, որոշումը կարող է անդրադառնալ շուրջ 230 հազար վարկային պայմանագրերի վրա, որոնք արդեն ճանաչվել են անհույս: Հարկ է նշել նաև, որ որոշումը հարկադրական չէ: Բանկերն իրենք են որոշում, թե որ պարտապաններին ներեն պարտքերը, իսկ որոնց` ոչ:
Սոցիալական բարձր գիտակցություն
Միաժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ հայկական բաներն ու ֆինանսական կազմակերպությունները բարձր սոցիալական գիտակցություն են ցուցաբերում՝ իրենց վրա լրացուցիչ պարտավորություններ վերցնելով: Նա նշել է, որ ֆինանսական կազմակերպություններն իրենց վրա միջոցառումների երկու խումբ են վերցրել՝ առաջնագծ մեկնածների վարկերի ներում և արցախցի հայրենակիցների համար վարկային բեռի մեղմացում: Մասնավորաես, արցախցիների վարկային պարտավորությունների նկատմամբ գործում է վարկավորման պայմանների ժամանակավոր մեղմացման մեխանիզմ, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարումը ոչ մի հետևանքներ չի ունենա:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–