Վարկային արձակուրդ. պարզում ենք, թե ինչ է դա և ինչի համար է հարկավոր

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով ստեղծված բարդ տնտեսական իրավիճակը` բազմաթիվ փոխառուներ հայտնվել են ծանր դրության մեջ։
Մարդկանց եկամուտները կտրուկ նվազել են, իսկ վարկերը պետք է վճարել։ Հարկադիր պարապուրդի, աշխատավարձի բացակայության կամ կրճատման պայմաններում շատ բարդ է վճարել վարկերը։ Բազմաթիվ երկրներում այս հարցը լուծվել է պետական մակարդակում։ Սակայն Հայաստանը հրաժարվեց վարչական պետական միջամտության քաղաքականությունից և առաջարկեց օգտագործել «վարկային արձակուրդի» մեխանիզմն առևտրային բանկերի ցանկությամբ։ Միաժամանակ կառավարությունն ու ԿԲ–ն կոչ արեցին բանկերին կիրառել այս գործիքն` օգտագործելով անհատական մոտեցում հաճախորդների նկատմամբ։
Ի՞նչ է վարկային արձակուրդը
Վարկային արձակուրդն ընդամենը հետաձգում է, որը բանկը կամ վարկային կազմակերպությունը տրամադրում է փոխառուին որոշակի ժամկետով։ Այդ ընթացքում փոխառուն չի կատարում իր պարտավորությունները, իսկ բանկը դա չի համարում խախտում և վճարի ուշացում ու չի հաշվեգրում տույժ ու տուգանք։ Բանկը նաև չի ներառում փոխառուին «սև ցուցակում»։ Փաստորեն, փոխառուին տրամադրվում է որոշակի ժամկետ, որի ընթացքում նա կարող է չվճարել, և նման իրավիճակը չի ազդում փոխառուի վարկային պատմության վրա։
Վարկային արձակուրդների տեսակները
Կա վարկային արձակուրդի մի քանի տեսակ, և դրանք ձևակերպելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բանկի հետ։ Օրինակ, կա ամբողջական արձակուրդ, որով նախատեսվում է, որ բանկը փոխառուին տրամադրում է հետաձգում ինչպես վարկի հիմնական մասի, այնպես էլ տոկոսների վճարման մասով։ Կա նաև մասնակի արձակուրդ, որով թույլատրվում է չմարել միայն վարկի հիմնական մասը, իսկ վարկի տոկոսները պետք է վճարել։ Կա նաև հնարավորություն վերաձևակերպել վարկը նոր արժույթով, սակայն նման պրակտիկան կիրառվում է շատ հազվադեպ։ Ինչ վերաբերում է առաջին երկու դեպքերին, ապա ամբողջական արձակուրդի համար պետք է ներկայացնել լիարժեք հիմնավորում, որը կհաստատի ֆինանսական բարդ վիճակը։ Դա կարող է լինել աշխատանքից ազատման հրամանը, աշխատավարձի կրճատումը, տեղեկանք ծանր հիվանդության կամ ժամանակավոր անաշխատունակության մասին։ Մասնակի արձակուրդ ստանալն ավելի հեշտ է, հատկապես կորոնավիրուսի տարածման պայմաններում, երբ բանկերն իրենք էլ հասկանում են, որ բազմաթիվ հաճախորդների եկամուտները նվազել են կամ ընդհանրապես չկան։
Տվյալ դեպքում բանկը կարող է երկարացնել պայմանագրի ժամկետը՝ միաժամանակ նվազեցնելով ամսավճարը կամ վարկառուին տրամադրել հնարավորություն որոշակի ժամանակահատվածում վճարելու միայն վարկի տոկոսագումարը։ Ամեն դեպքում արձակուրդ ստանալու համար պետք է դիմել բանկին, որն ուսումնասիրում է դիմումները և յուրաքանչյուր հաճախորդի համար անհատական կարգով որոշում կայացնում։ Նախընտրելի է արձակուրդից օգտվել երկարատև վարկային պարտավորությունների, օրինակ՝ հիփոթեկի կամ ավտովարկի դեպքում։
Իրավիճակը Հայաստանում
Նոր կորոնավիրուսի և երկրում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակման պատճառով շատ քաղաքացիների մոտ առաջացան վարկերի սպասարկման խնդիրներ։ Այդ ընթացքում հայկական բանկերը վարկային արձակուրդ են տրամադրել 485 հազար ֆիզիկական անձանց և ավելի քան 15 հազար իրավաբանական անձանց։ Վերաձևակերպվել է ֆիզիկական անձանց 768 180 վարկ և իրավաբանական անձանց 16 875 վարկ։ Ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները հնարավորություն են ստացել հիփոթեքային վարկերի մարումը հետաձգել 6 ամսով։ Մասնավորապես, դա վերաբերում է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» և «Բնակարան Երիտասարդներին» ծրագրերի շահառուներին, որոնց տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հնարավոր է կատարել մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ։
Միևնույնն է պետք է վճարել
Շատ կարևոր է հասկանալ, որ վարկային արձակուրդը պարտքի կամ տոկոսների մարում չէ։ Դուք միևնույնն է պետք է մարեք ձեր վարկն ամբողջությամբ, ուղղակի նախնական ժամանակացույցից ուշ։ Փաստացի, դա ուղղակի վճարման տեղափոխում է ավելի ուշ ժամկետի։ Ընդ որում վճարման հետաձգումը նշվելու է վարկային պատմության մեջ, բայց մի լավ տարբերությամբ` դա ուշացում չի համարվելու։ Վարկային արձակուրդի ընթացքում վարկառուն չի կատարում հերթական վճարումը, բայց վարկի տոկոսադրույքը միևնույնն է հաշվեգրվում է։ Արդյունքում պետք է վճարել պարտքը նախնական գրաֆիկով, հետո՝ բոլոր բաց թողնված վճարումները։ Դրանից հետո մարդը պետք է մարի արձակուրդի ընթացքում հաշվեգրված տոկոսները։ Վերջնական արդյունքում վարկի գումարը կաճի։
Վարկային արձակուրդների դրական և բացասական կողմերը
Վարկային արձակուրդները, ինչպես ցանկացած այլ գործարք, ունի իր դրական և բացասական կողմերը: Վարկառուի համար դրանք հարմար են, քանի որ ֆինանսական բեռը ժամանակավորապես, բայց էականորեն կրճատվում է: Միաժամանակ, վարկառուն պահպանում է դրական վարկային պատմությունն առանց ուշացումների և ապագայում կունենա ավելի քիչ դժվարություններ վարկ ստանալու դեպքում, ինչպես նաև բացառվում է ենթարկվել տույժերի և տուգանքների ժամկետանց վճարումների համար: Վարկառուի համար բացասական, բայց բանկի համար ուղղակի շահութաբեր կողմերից է զգալի վերավճարումը, որն առաջանում է հետաձգման դեպքում, քանի որ տոկոսները շարունակում են հաշվեգրվել:
Այդ պատճառով անհրաժեշտ է ուշադիր ուսումնասիրել առաջարկվող պայմանները, ինչ դժվար հանգամանքներ էլ լինեն, որպեսզի հետագայում չբարդանա ձեր կարգավիճակն ու չբախվեք մի իրավիճակի հետ, երբ ընդհանրապես հնարավորություն չեք ունենա կատարել ձեր պարտականությունները: Ընդ որում, պետք է հիշել, որ դուք կարող եք ցանկացած պահի դադարեցնել վարկային արձակուրդը, դրա համար պարզապես անհրաժեշտ է նախօրոք տեղեկացնել բանկին և ստանալ վճարումների հստակ ժամանակացույց:
Վարկային արձակուրդների ավարտից հետո վարկն անհրաժեշտ է վերադարձնել վճարումների սկզբնական ժամանակացույցով:
Ինչո՞վ են արձակուրդները տարբերվում վերակազմավորումից
Վարկային արձակուրդները նման են վերակազմավորմանը, բայց կան էական տարբերություններ, քանի որ վարկի վերակազմավորումը ենթադրում է, որ վարկառուն և բանկը պայմանավորվել են նոր պայմանների շուրջ: Ընդ որում, եթե վարկային արձակուրդները կարող են հայտարարվել պետության կողմից, ապա վերակազմավորման դեպքում բանկը որոշում է կայացնում բացառապես վարկառուի դիմումի հիման վրա:
Բայց չնայած վարկային արձակուրդները տրամադրվում են վարկառուի պահանջով, բանկը կարող է հրաժարվել դրանք տրամադրել, այդ թվում, եթե պարզվի, որ եկամտի նվազման պայմանը կամ այլ պահանջները չեն կատարվել:
Այսպիսով, վարկային արձակուրդ ստանալու համար հիմնական պայմանը եկամտի նվազումն է, և բանկն անպայման դա հաստատող փաստաթղթեր կպահանջի: Եթե բանկը համարի, որ ներկայացված տվյալները բավականաչափ հիմնավոր չեն, ապա կարող է հրաժարվել հետաձգումից: Այնպես որ վարկային արձակուրդ ստանալու դիմումը դեռևս չի նշանակում, որ այն անպայման կտրամադրվի:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–