Աջակցության ծրագրեր 16+. ու՞մ և ինչպե՞ս են օգնում ՀՀ իշխանությունները COVID-19–ի պայմաններում (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

08.05.2020, 10:36
Աջակցության ծրագրեր 16+. ու՞մ և ինչպե՞ս են օգնում ՀՀ իշխանությունները COVID-19–ի պայմաններում (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
Աջակցության ծրագրեր 16+. ու՞մ և ինչպե՞ս են օգնում ՀՀ իշխանությունները COVID-19–ի պայմաններում (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Շարունակում ենք կառավարության օգնության թեման ու ներկայացնում պետական աջակցության հերթական միջոցառումները։

15–րդ միջոցառում. աջակցության երեք բաղադրիչ

 - рис.1

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 15–րդ ծրագիրը վերաբերում է միանգամից մի քանի ոլորտների և բաղկացած է բնապահպանական, սոցիալական և տնտեսական բաղադրիչներից։ Միջոցառման ընդհանուր արժեքը գնահատվում է 200 մլն դրամ։

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր, մեղմելով բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։ Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման և տնկման, ինչպես նաև ցանկապատման աշխատանքներ։ Միջոցառման առավելություններից է նաև ապագայում փայտանյութի օգտագործման հնարավորությունը` որպես վառելիք։

Загружается новость ... "Лево"

Սոցիալական բաղադրիչն այն է, որ ծառատնկման աշխատանքների համար նախատեսվում է ներգրավել տեղական բնակչության` այդ կերպ ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր, նվազեցնելով բնակչության եկամուտների կրճատման սպառնալիքները։ Միջոցառման շահառու կարող են դառնալ նաև նրանք, ովքեր ՀՀ քաղաքացիներ չեն։ Մարզերում նախատեսվող ծառատունկը թույլ կտա ստեղծել առնվազն հազար սեզոնային աշխատատեղ։ Աշխատանքները կիրականացվեն նախօրոք նախատեսված վայրերում։

Տնտեսական բաղադրիչն այն է, որ միջոցառման շրջանակում կգործարկվեն երեք կազմակերպություններ` «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, որոնք ունեն տարբեր համայնքներում ծառատունկ իրականացնելու փորձ։ Աշխատանքների իրականացման նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ է ներգրավվել 450 սեզոնային աշխատող` ընթացիկ աշխատանքների իրականացման համար, իսկ միջոցառման երկու գործընկերները կիրականացնեն լրացուցիչ աշխատանքներ դոնորների և միջազգային կառույցների հետ համագործակցության հաշվին։ Նախատեսվում է ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին տրամադրել 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։ Ծառատունկն իրականացվելու է 1 հեկտարի վրա 10 հազար տնկի հաշվարկով։

16–րդ միջոցառում. կոմունալների մասով աջակցություն

  - рис.2

Հաշվի առնելով կոմունալ վճարումների մասով աջակցության նկատմամբ բնակչության պահանջարկը` կառավարությունը մշակել և հաստատել է աջակցության հերթական միջոցառումը։ Եթե մինչ այս աջակցություն էին ստանում, այն բաժանորդները, որոնց սպառած էլեկտրաէներգիայի գումարը կազմում էր մինչև 10 հազար դրամ, ապա հիմա որոշվել է աջակցել նաև նրանց, ովքեր փետրվարին սպառել են 10 001–ից մինչև 25000 դրամի էլեկտրաէներգիա և գազ` 30 001 դրամից մինչև 40 000 դրամ։ Նախատեսվում է, որ կառավարությունը կփոխհատուցի այդ բաժանորդների ծախսերի 30%–ը։ Միջոցառման շահառու կդառնա էլցանցերի 207 837 բաժանորդ և գազի 81697 բաժանորդ։

16–րդ միջոցառման երկրորդ կետը վերաբերում է գյուղերին, որտեղ դեռ գազ չկա, երկրում կա 310 նման գյուղ։ Այդ համայնքների բնակիչերների համար կփոխհատուցվի սպառած էլեկտրաէներգիայի 50%–ը, բացի նախկին փոխհատուցումներից։ Ստացվում է, որ արդյունքում փետրվարի վճարները փոխհատուցվում են անգամ մինչև 70%։

Այս միջոցառման երրորդ կետով նախատեսվում է փոխհատուցել ջրամատակարարումը։ Այսպես, այն բաժանորդները, որոնք մարտին սպառել են մինչև 3 հազար դրամի ջուր, կստանան ծախսերի 50%–ի փոխհատուցում։ Այս միջոցառման շահառու կդառնա 424 972 մարդ։

17-րդ միջոցառում. աջակցություն ՏՏ ոլորտին

  - рис.3

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումն ուղղված է տեխնոլոգիական ոլորտին աջակցելուն: Ինչպես ցույց է տվել ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության իրականացրած ուսումնասիրությունը, տեխնոլոգիական ընկերությունների 54 տոկոսը ֆինանսական շրջանառության առումով բացասական արդյունքներ են գրանցվել կորոնավիրուսի պատճառով: Իսկ մարդկային ռեսուրսի զբաղվածության ցուցանիշով ընկերությունների 45 տոկոսի մոտ առաջացել են ազատ ռեսուրսներ: Ընդ որում հարցմանը մասնակցած ընկերությունների 74 տոկոսը պատրաստակամություն է հայտնել մշակել նոր արտադրանքներ կամ վերամասնագիտանալ (հիմնականում վերաբերում է ընկերություններին, որոնք աութսորսինգի ծառայություններով են զբաղվում):

Загружается новость ... "Право"

Միաժամանակ ընկերությունների 8 տոկոսի մոտ գրանցվել է կորոնավիրուսի դրական կամ շատ դրական ազդեցություն: Ընդ որում, 58 տոկոսի մոտ տվյալ ցուցանիշը ցույց է տվել բացասական կամ շատ բացասական, իսկ ընկերությունների 33 տոկոսի մոտ ազդեցություն չկա և շարունակում են կայուն ձևով աշխատել:

Ստեղծված տնտեսական իրավիճակից ելնելով` նախարարությունը մշակել է դրամաշնորհային փաթեթներ ոլորտի տնտեսվարողների համար, որոնց նպատակն է օժանդակել ՏՏ ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։

Առանձնացվել են տնտեսվարողների երեք խումբ և դրամաշնորհների սահմանաչափեր։

Առաջինը, այսպես կոչված նորարարական դրամաշնորհներն են: Դրանցից օգտվելու համար կարող են դիմել վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված և պրոդուկտ ստեղծող տնտեսվարողները: Դրամաշնորհների առավելագույն չափը 10 մլն. դրամ է:

Երկրորդ խումբը դրամաշնորհներն են կայացած ընկերությունների համար, որոնք 2 տարուց ավելի ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տնտեսվարողներն են, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել և նոր պրոդուկտներ մշակել: Դրամաշնորհի առավելագույն արժեքը 20 մլն դրամ է: 

Երրորդ խումբը համաֆինանսավորման դրամաշնորհներն են: Դրանք տեխնոլոգիական ոլորտի այն տնտեսվարողների համար են, որոնք կներգրավեն փաստաթղթային և հաստատված ներդումներ: Մասնավորապես, դա վերաբերում է այն ընկերություններին, որոնք այս տարվա ընթացքում վենչուրային կամ այլ տիպի ներդրող-հրեշտակների կողմից փաստաթղթավորված ներդրումներ կներգրավվեն:

Տրամադրվում է 100 տոկոսի չափով համաֆինանսավորում, ոչ ավելի քան 30 մլն. դրամ:

Միջոցառումը կյանքի կոչելու համար մինչև մայիսի 15-ը նախատեսվում է մասնագետների հանձնաժողովի ստեղծում, որտեղ կներգրավվեն ոլորտի ասոցիացիաներ, մասնագետներ և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Միջոցառումից օգտվելու ներկայացված հայտերի գնահատումն իրականացվում է նախարարության հրապարակած մրցույթի հրավերով սահմանված կարգով, և ընկերությունները, որոնք կանցնեն առաջին զտիչը, պետք է անցկացնեն իրենց նախագծերի և պրոդուկտների առցանց ցուցադրություն:

Ծրագրի համաձայն, միջոցառումից օգտվելու հայտ կարող են ներկայացնել տեխնոլոգիական ոլորտի այն տնտեսվարողները, որոնք վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-