ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Բանկային քարտերի հետ կապված խարդախությունն ամենատարածված ֆինանսական հանցագործություններից մեկն է, որին բախվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Սեփական ֆինանսական միջոցները և անձնական տվյալները պաշտպանելու համար անհրաժեշտ է մի շարք նախազգուշական միջոցներ ձեռնարկել և իմանալ, թե ինչ անել խաբեբաների զոհը չդառնալու համար: «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է խորհուրդներ որոնք կօգնեն խուսափել տհաճ իրավիճակներից։
Սկզբուն ներկայացնենք անձնական տվյալների մի քանի տեսակներ, որոնք խաբեբաները կարող են օգտագործել խարդախություն կատարելու համար: Դիտարկենք դրանք ավելի մանրամասն:
Անուն/ազգանուն և քարտի համար. երբեք մի' ասեք ձեր անունը, ազգանունը կամ բանկային քարտի համարը չստուգված կամ անծանոթ մարդկանց: Այս տվյալները կարող են օգտագործվել խաբեբաների կողմից՝ գնումներ կատարելու կամ ձեր քարտից գումար հանելու համար:
Քարտի վավերականության ժամկետ. քարտի վավերականության ժամկետը կարևոր տեղեկատվություն է, որը խարդախները կարող են օգտագործել այլ տվյալների հետ միասին՝ ձեր քարտից օգտվելու համար: Երբեք մի′ հայտնեք այդ տեղեկատվությունը երրորդ անձանց, քանի դեռ համոզված չեք նրանց հուսալիության մեջ:
CVV կամ CVC համար. սկզբում նշենք, որ CVV-ն (Card Verification Value) կամ CVC-ն (Card Verification Code) եռանիշ կոդ է, որը գտնվում է բանկային քարտի հետևի մասում: Այս կոդը օգտագործվում է առցանց գործարքներ կատարելիս քարտի իսկությունը ստուգելու համար: Երբեք որևէ մեկին մի հայտնեք այդ կոդը, քանի որ խաբեբաները կարող են օգտագործել այն անօրինական գործարքներ կատարելու համար:
PIN կոդ. PIN-ը անձնական նույնականացման համար է, որը պահանջվում է բանկոմատից գումար կանխիկացնելու կամ որոշակի գործարքներ կատարելու համար: Երբեք մի վստահեք ձեր PIN-ը երրորդ անձանց և թույլ մի տվեք որևէ մեկին տեսնել ձեր մուտքագրած PIN-ը գործարքներ կատարելիս:
Մեկանգամյա հաստատման ծածկագիր. շատ դեպքերում բանկերը SMS-ի կամ էլփոստի միջոցով ուղարկում են մեկանգամյա հաստատման ծածկագրեր՝ գործարքները հաստատելու կամ ինտերնետ-բանկինգ մուտք գործելու համար: Երբեք մի փոխանցեք այդ ծածկագիրը երրորդ անձանց, քանի որ այն կարող է օգտագործվել խաբեբաների կողմից՝ ձեր հաշիվ կամ քարտ չթույլատրված մուտք գործելու համար:
Իսկ հիմա նշենք մի շարք կարևոր կետեր, որոնք պետք է հաշվի առնել խարդախների զոհը չդառնալու համար։
Օգտվեք վստահելի կայքերից. մի՛ մուտքագրեք ձեր քարտի տվյալները անհասկանալի կայքերում ։ Նախքան ձեր բանկային քարտի տվյալները լրացնելը, ստուգեք, արդյոք ձեր այցելած կայքն իսկապես պաշտոնական է և վստահելի: Միշտ մի քանի անգամ ստուգեք այն հղումները, որոնցով անցնում ենք գործարքներ կատարելու համար, քանի որ դրանք կարող են կեղծ էջեր լինել: Եթե դուք բանկի անունից զանգ կամ նամակ եք ստացել և ձեզ խնդրել են հետևել բանկի կայքէջին ուղարկված հղմանը և լրացնել ձեր անձնական տվյալները, ապա մի շտապեք: Ավելի լավ է մի քանի րոպե հատկացնել, ստուգել հղման իսկությունը, քանի որ նույնիսկ մեկ տառի տարբերությունը ձեզ կտանի կեղծ կայք։ Եթե դուք իսկապես պետք է կատարեք այդ գործարքը, պարզապես ինքնուրույն բացեք բանկի էջը և կատարեք ձեր գործողություններն այնտեղ:
Բանկերը չեն շտապեցնում. հիշեք, որքան էլ հրատապ լինի իրավիճակը, իրական բանկի աշխատակիցը ձեզ չի շտապեցնի և չի նշի, որ դուք ունեք ընդամենը 30 վայրկյան կամ մեկ րոպե ձեր բոլոր տվյալները մուտքագրելու համար։ Այդպես անում են միայն խաբեբաները՝ դրանով իսկ ձեզ գցելով խուճապի մեջ, որպեսզի ժամանակ չունենաք մտածելու և ճիշտ որոշում կայացնելու համար։
Զանգեք բանկ. եթե ձեզ զանգահարել են բանկից և խնդրել շտապ տրամադրել անձնական տվյալները, խնդրեք հետ զանգահարել: Խաբեբաները կփորձեն այնպես անել, որ դուք չանջատեք հեռախոսը և կպնդեն ընդունել շտապ որոշում և միանգամից պատասխան տալ: Զուր մի վիճեք, անջատեք հեռախոսը և հավաքեք բանկի համարը։ Հավատացեք, եթե բանկին իսկապես անհրաժեշտ է տեղեկատվություն ձեզնից, ապա նրանք ձեզ կկապեն օպերատորի հետ, որը կհաստատի, որ իսկապես իրենք են կապվել ձեզ հետ: Եթե բանկի աշխատակիցը հայտնի, որ ոչ ոք չի փորձել կապվել ձեզ հետ, ապա դուք կարող եք անմիջապես հայտնել խարդախության փորձի մասին:
Եթե դուք, այնուամենայնիվ, խաբեբաների զոհ եք դարձել, պետք է անհապաղ կապվել բանկի հետ: Բանկի հետ կապ հաստատելու հեռախոսահամարը սովորաբար նշվում է բանկային քարտի հետևի մասում կամ բանկի պաշտոնական կայքում: Հաղորդեք խարդախ գործարքի մասին և խնդրեք արգելափակել ձեր քարտը՝ հետագա չարտոնված գործարքները կանխելու համար:
Կարևոր է հիշել, որ կանխարգելումն ու զգուշությունը լավագույն պաշտպանությունն են խաբեբաներից: Հիշեք նշված կանխարգելիչ միջոցները՝ խաբեբաների զոհ դառնալու ռիսկը նվազեցնելու համար: Պահպանեք տեղեկատվական անվտանգությունը և զգոն եղեք ձեր անձնական տվյալների ու ֆինանսների հարցում:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-