Ինչպես երեխային սովորեցնել գրագետ գումար կուտակել ու ծախսել. 3 խորհուրդ

28.09.2020, 14:17
Պատմում ենք, թե ինչպես կարելի է երեխային սովորեցնել խնամքով վերաբերվել փողերին, որ տարիքից պետք է սկսել երեխայի հետ խոսել փողի ու գրպանի ծախսերը ճիշտ տնօրինելու մասին
Ինչպես երեխային սովորեցնել գրագետ գումար կուտակել ու ծախսել. 3 խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գումարը կարևոր տեղ է զբաղեցնում ժամանակակից մարդու կյանքում, բայց ոչ բոլոր ծնողներն են պատրաստ երեխայի հետ խոսել փողի մասին։ Չէ՞ որ երեխաները դեռ վաղ տարիքից բախվում են ֆինանսական հարցերի հետ։ Այդ պատճառով կարևոր է նրանց սովորեցնել ադեկվատ վերաբերվել փողերին և հասկանալ դրանց արժեքը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է, թե ինչպես կարելի է երեխային սովորեցնել խնամքով վերաբերվել փողերին, որ տարիքից պետք է սկսել երեխայի հետ խոսել փողի ու գրպանի ծախսերը ճիշտ տնօրինելու մասին։

Ինչպե՞ս երեխայի հետ խոսել փողի մասին

 - рис.1

Ծնողները հաճախ փորձում են երեխաների հետ չքննարկել ընտանիքի ֆինանսական հարցերը` արդարացնելով դա նրանով, որ երեխային դեռ շուտ է իմանալ այդ մասին։ Սակայն հենց ծնողներից երեխան պետք է ստանա ֆինանսների մասին հիմնական գիտելիքները, որոնք նրան կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում։

Վաղ տարիքից երեխայի հետ կարելի է խոսել այն մասին, որ փող աշխատելը հեշտ գործ չէ, փող բերում են ոչ թե արագիլները, այլ ծնողները, որոնք շատ են աշխատում, որպեսզի տանը լինի սնունդ, քաղցրավենիք, խաղալիքներ և այլ օգտակար իրեր։ Երեխաներին ավելի լավ է բացատրել, որ ամեն ինչ միանգամից չի կարելի գնել, դա պետք է անել կամաց–կամաց` աշխատելով և կուտակելով գումար անհրաժեշտ իրերի համար։ Ավելի լավ է կոնկրետ օրինակի վրա երեխային ցույց տալ, թե ինչու է ավելի ձեռնտու գումար կուտակել թանկարժեք և որակյալ իրի համար, քան գումարը վատնել անորակ բաների վրա։

Ֆինանսական հարցեր քննարկելիս շատ կարևոր է հետևել ձևակերպումներին։

Խորհուրդ 1

Պետք չէ երեխային ասել, որ ընտանիքում փող չկա, դա կարող է սթրես առաջացնել երեխայի մոտ։ Ավելի լավ է երեխային հանգիստ բացատրել, որ ավելի ճիշտ կլինի հետաձգել այս կամ այն գնումը կամ առաջարկել (կախված տարիքից) գումար կուտակել կամ վաստակել` ցանկալի իր գնելու համար։

Ո՞ր տարիքից պետք է երեխաներին ծանոթացնել փողին

 - рис.2

Արդեն 5 տարեկանից երեխաները սկսում են հասկանալ, թե ինչ է գումարը, ուստի հենց այդ տարիքից  պետք է նրանց սովորեցնել ֆինանսական գրագիտության հիմունքները: Դա ավելի լավ է անել խաղի միջոցով։ Այսպես, եթե երեխան արդեն սովորել է հաշվել, սկսեք «խանութ» խաղալուց: 

Ձեր բնակարանի դարակների վրա դրեք տարբեր իրեը: Երեխայի հետ պատրաստեք ապրանքների գնապիտակները և կցեք դրանցից յուրաքանչյուրին: Տվեք ձեր երեխային որոշակի գումար, և թող նա փորձի տեղավորվել հատկացված բյուջեի սահմաններում:

Դուք կտեսնեք, թե որքան ուշադիր նա կսկսի հաշվել, մտածել յուրաքանչյուր գնման նպատակահարմարության մասին: Օգուտը կրկնակի է. ձեր երեխան կծանոթանա ֆինանսական գրագիտության հիմունքներին և միաժամանակ կբարելավի բանավոր հաշվարկը: Երեխայի մեծանալուն զուգընթաց, դուք կարող եք խաղալ ավելի լուրջ խաղեր, ինչպիսիք են «Մոնոպոլիան», «Բորսա»-ն, քննարկել ընտանեկան բյուջեն և շատ ավելին:

Հիշեք, որ երեխաներն ավելի շատ հակված են կրկնել այն, ինչ անում են իրենց ծնողները, քան անել այն, ինչ դուք ասում եք նրանց: Ուստի, երեխաների համար կարևոր է փողի նկատմամբ ճիշտ վերաբերմունքի օրինակ ծառայել և ցուցաբերել գրագետ ֆինանսական վարք:

Խորհուրդ 2

Փոքր երեխայի հետ խանութ այցելելիս ավելի լավ է օգտագործել կանխիկ գումար, որպեսզի նա տեսնի գնելու, այսինքն փողի դիմաց ապրանք վերցնելու գործընթացը: Եթե ​​երեխան անընդհատ տեսնում է, թե ինչպես են ծնողները վճարում բանկային քարտով, նրա մոտ կարող է թյուրիմացություն առաջանալ ծախսերի հայեցակարգի վերաբերյալ: Բացի այդ, նա կսկի հավատալ «կախարդական քարտի» զորությանը, որը կարող է նրան տալ այն, ինչ ուզում է:

Գրպանի ծախսեր և ինչպես դրանք տալ

 - рис.3

Ըստ ING International Survey-ի հետազոտության ՝ այն մարդիկ, ովքեր մանուկ հասակում գրպանի փող են ստացել, ապագայում ավելի լավ են կարողացել կառավարել իրենց ֆինանսները: Ուստի այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք անհրաժեշտ է երեխային գրպանի գումար տալ, միանշանակ է` անհրաժեշտ է:

Դուք կարող եք ինքներդ որոշել գրպանի փողի չափը. Դա կախված է երեխայի տարիքից, նրա կարիքներից և ընտանիքի ընդհանուր բարեկեցությունից: Կարևոր է սահմանել որոշակի օր և ժամանակահատված, որի համար գումար կհատկացվի երեխային: Այս հարցում կայունությունը կօգնի երեխային սովորել պլանավորել բյուջեն և հետևողական լինել:

Երեխային սխալվելու իրավունք տվեք, եթե նա գրպանի փողը ծախսի մինչև նորը ստանալը: Փորձեք միասին պարզել իրավիճակը, բացատրել երեխային բյուջեի պլանավորման հիմունքները, որպեսզի հետագայում նա իմանա, թե ինչպես է ճիշտ բաշխել միջոցները: Մի նախատեք ձեր որդուն կամ դստերը սխալների համար, այլ  հնարավորություն տվեք դրանցից դաս քաղել:

Խորհուրդ 3

Յուրաքանչյուր շաբաթվա կամ ամսվա վերջում խոսեք ձեր երեխայի հետ որոշակի ժամանակահատվածի ծախսերի մասին: Դա ձեզ թույլ կտա հասկանալ, թե ինչպես է նա բաշխել միջոցները, ինչի համար է բավականացրել և ինչի համար՝ ոչ: Այսպիսով, դուք գործնականորեն կօգնեք երեխային սովորել պլանավորել սեփական ծախսերը և ճիշտ տնօրինել ունեցած գումարը:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–