Ի՞նչ է քեշբեքը, և ինչպե՞ս է այն աշխատում

18.03.2022, 10:51
Որոշել ենք հակիրճ ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում քեշբեքը, դրա առավելություններն ու թերությունները, ինչպես նաև դրանից օգտվելու միջոցները
Ի՞նչ է քեշբեքը, և ինչպե՞ս է այն աշխատում

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. Դուք, իհարկե, լսել եք քեշբեք ֆինանսական գործիքի մասին, և ձեզանից շատերը, հաստատ, օգտվում են այդ գործիքից։ «Նովոստի–Արմենիա»–ն որոշել է հակիրճ ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում քեշբեքը, դրա առավելություններն ու թերությունները, ինչպես նաև դրանից օգտվելու միջոցները։

Մի քանի խոսք քեշբեքի մասին

Քեշբեքը գումարի մասնակի վերադարձ է գնված ապրանքի (օրինակ տեխնիկա, էլեկտրոնային ապրանքներ, դեղամիջոցներ և այլն) կամ վճարված ծառայությունների (կինո, թատրոն, ճամփորդություն) դիմաց: Ընդ որում ծախսերը վերադարձվում են ինչպես դրամով, այնպես էլ միավորների, զեղչերի և այլ բոնուսների տեսքով: Քեշբեքը կարող է լինել բանկի, առևտրային կենտրոնի, ինտերնետային խանութի կամ ապրանքի և ծառայության այլ մատակարարի նկատմամբ լոյալության ծրագիր:

Հայաստանում քեշբեք առաջարկում են բանկերն ու քեշբեք ծառայությունները: Յուրաքանչյուր դեպքում գումարի փոխանցման, կանխիկացման և օգտագործման պայմանները սահմանվում են անհատապես: Դա նշանակում է, որ դուք պետք է առանձին ծանոթանաք յուրաքանչյուր առաջարկին:

Քեշբեքից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել քեշբեք ծառայությունում կամ պատվիրել դեբետային քարտ՝ նման ծառայությամբ:

Քեշբեքը գործում է բոլո՞ր խանութներում

 - рис.1

Միայն այն բանկերում, որոնք ներառված են բանկի գործընկերայի ցանկում: Այդ բանկի քարտապանները, որոնց քարտերը քեշբեքով են, հետ են ստանում ծախսած գումարի մի մասը: Միաժամանակ քեշբեքի ծրագրում չի ներառվում բանկոմատներում գումարի կանխիկացումը, փոխանցումները, կոմունալ ծառայությունների վճարումները: Բանկը նախօրոք սահմանում է քեշբեքի պայմաններն ու վերադարձվող միջոցների տոկոսը:

Ինչպե՞ս կարելի է օգտվել քեշբեքից, գումարի քանի՞ տոկոսն է վերադարձվում

Քեշբեքից կարելի է օգտվել կամ հատուկ պլաստիկ քարտով կամ բանկի կողմից թողարկվող ցանկացած քարտով: Ամեն ինչ կախված է բանկից և կոնկրետ ծրագրից: Բանկային քարտով վերադարձվող գումարի տոկոսը տատանվում է միջինը 0.5%-ից մինչև 5%-ի սահմանում: Կարող են լինել նաև ավելի բարձր տոկոսներ այն դեպքում, երբ անցկացվում են ակցիաներ, որոնք կապվում են բանկի գործընկեր կոնկրետ ցանցերում առկա որոշ ապրանքների հետ:

Քեշբեքի ի՞նչ տեսակներ կան

Դրամային. ցանկացած գնման քեշբեքը փոխանցվում է հաճախորդի հաշվին դրամական միջոցների տեսքով, որոնք կարելի է կանխիկացնել կամ որևէ այլ բան ձեռք բերել:

Բոնուսների կամ միավորների տեսքով. վերադարձի ենթակա միջոցները կուտակվում են բոնուսների կամ միավորների տեսքով: Նման փոխանցումները սովորաբար օգտագործվում են որևէ գնում կատարելու կամ ծառայության դիմաց վճարում կատարելու համար:

Կոմբինացված. երբ քեշբեքը վերադարձվում է ինչպես միավորների, այնպես էլ դրամական միջոցների տեսքով:

Որո՞նք են քեշբեքի առավելությունները

 - рис.2

Առաջին հերթին դա գումարի տնտեսում է: Մասնավորապես, խոշոր գնումներ կատարելիս կարելի է վերադարձնել բավականին մեծ գումար:

Տնտեսված միջոցներից կանխիկացման հնարավորություն: Դրանք կարելի է փոխանցել բանկային քարտին և կանխիկացնել ցանկացած բանկոմատում:

Միավորների և բոնուսների ստացում: Քեշբեքի համար ընտրված յուրաքանչյուր հարթակում նախատեսված են տարատեսակ լրացուցիչ միջոցառումներ, որոնք օգնում են ավելի շատ գումար տնտեսել:

Իսկ թերություննե՞րը 

Թերություններից են քարտին գումարի փոխանցման հետ կապված ուշացումները, քանի որ որոշ ծառայություններ ունեն սահմանված օրեր այդ գործառնության համար:

Քեշբեք ծառայությունների մեծ մասը սահմանում է նվազագույն գումար քարտին գումար փոխանցելու համար: Մանր գնումների դեպքում շատ դժվար է հասնել նվազագույն շեմին, այսինքն դուք չեք կարող միանգամից ստանալ գումարը: 

Բացառված չեն խարդախության դեպքերը չստուգված ռեսուրսում գրանցվելու դեպքում:

Ինչի՞ համար է քեշբեքն անհրաժեշտ խանութին, բանկին և հաճախորդին 

 - рис.3

Քեշբեքն ինքնատիպ բոնուսային ծրագիր է, որտեղ դուք գնորդ եք, իսկ վաճառողը՝ խանութը, ձեզ է վերադարձնում ապրանքի արժեքի մի մասն այն բանի համար, որ դուք գնում եք կատարել հենց իր մոտից, այլ ոչ թե մեկ ուրիշից: Խանութը դա անում է՝ հաճախորդների բազան ընդլայնելու, իր, սեփական բրենդի նկատմամբ լոյալությունը բարձրացնելու համար, ինչի արդյունքում ավելանում է նաև եկամուտը: Բանկը հետաքրքրված է տրամադրել շահավետ քարտ իր հաճախորդներին՝ գնման դիմաց միջոցների վերադարձի գործառույթով: Հաճախորդը հետաքրքրված է, քանի որ հնարավորություն է ստանում վերադարձնել ծախսված միջոցների մի մասը, ինչի արդյունքում գումար է տնտեսում:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-