ՀՀ–ում երիտասարդ ընտանիքներին ավելի հեշտ կլինի ձեռք բերել բնակարան. ներկայացնում ենք մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երիտասարդ ընտանիքները սեփական բնակարան գնելիս ավելի հաճախ են օգտվում «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» վարկավորման պետական ծրագրի հնարավորությունից։ Միայն այս տարվա առաջին երկու ամսում այս ծրագրի մասնակիցներին տրվել է 3 905 վարկ, որից 2 030–ը` Երևանում, իսկ 1 857–ը` մարզերում, ընդհանուր գումարը կազմել է 33,7 մլրդ դրամ։
Հատկանշական է, որ երիտասարդ ընտանիքների աջակցության ծրագիրը կանոնավոր կերպով թարմացվում ու կատարելագործվում է. մեղմացվում են վարկային պայմաններն ու ավելանում է ավելի թանկարժեք բնակարան ձեռք բերելու հնարավորությունը։
Վարկ`բարելավված պայմաններով
Այս տարվա մարտի սկզբին ՀՀ կառավարությունը կրկին որոշ փոփոխություններ կատարեց վարկավորման ծրագրի պայմաններում, որոնք կնպաստեն շահառուների համար միջոցների հասանելիության բարձրացմանը։
Այսպես, վարկավորման պայմանների բարելավման համար ծրագրով ձեռք բերվող բնակարանի առավելագույն արժեքն ավելացվել է` 25 մլն դրամից դառնալով 30 մլն դրամ։ Դա թույլ կտա երիտասարդ ընտանիքներին ձեռք բերել կամ ավելի մեծ կամ ավելի լավ վերանորոգված բնակարան։
Մեկ այլ նորամուծություն է դարձել վարկային տոկոսադրույքի նվազումը` 9,5%–ից 7,5%, ինչը թույլ կտա երիտասարդ ընտանիքներին զգալիորեն տնտեսել միջոցների վերադարձի վրա։ Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում հիփոթեքի տոկոսադրույքները կազմում են տարեկան 10-11%։ Երկարացվել է նաև վարկավորման ժամկետը` մինչև 30 տարի, ինչը ծրագիրը դարձնում է ավելի գրավիչ։
Բացի այդ, նվազեցվել է բնակարան գնելիս պահանջվող կանխավճարը` մինչև 7,5%, եթե կա գրավ դրվելիք մեկ այլ անշարժ գույք կամ ապահովագրություն բնակարանի արժեքի 12,5%–ի չափով։
Փոխվել է նաև ամուսինների համար նախատեսված տարիքային ցենզը։ Եթե ավելի վաղ սահմանափակումները վերաբերում էին ամուսիններից յուրաքանչուրին (որոնցից յուրաքանչյուրի տարիքը չպետք է գերազանցեր 35 տարին), ապա հիմա ներառվել է գումարային տարիքի հասկացություն` 70 տարի։ Փաստորեն, եթե օրինակ ամուսինը 50 տարեկան է, իսկ կինը` 20, ապա նրանք կարող են մասնակցել ծրագրին։
Իսկ պահանջարկ կա՞
Ծրագրի շրջանակում վարկավորմամբ զբաղվում է 19 ֆինանսական ընկերություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն։ 2019թ.–ի փետրվարի 26–ի դրությամբ արդեն տրվել է 3 905 վարկ, որից 2 030–ը` Երևանում, իսկ 1 857–ը` մարզերում, ընդհանուր գումարը կազմում է 33,7 մլրդ դրամ։
Միաժամանակ պահանջարկը շարունակում է աճել։ Դատելով սոցիալական ցանցերում առկա մեկնաբանություններից` երիտասարդները բավականին ակտիվ են արձագանքում փոփոխություններին։
Ծրագրի միակ թերությունը տարիքային ցենզն է, որը շատ օգտատերեր առաջարկում են բարձրացնել։
Նոր հեռանկարներ
Չնայած, որ կառավարությունը մարտի սկզբին լրացումներ է կատարել օրենքում և բարելավել է երիտասարդ ընտանիքների վարկավորման պայմանները, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց նոր նախաձեռնության մասին, որը թույլ կտա բարելավել երիտասարդ ընտանիքների հիփոթեքային վարկավորումը։
Նա հայտնեց, որ կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային ծրագրում նոր փոփոխություններ է մշակել և շուտով կհանձնի հանրության դատին։
Նոր փոփոխություններով, «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրում վարկի գործողության ընթացքում երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում մարման տոկոսադրույքը կնվազեցվի 0.5 տոկոսով։
Մարզերում միաժամանակ երեք երեխաներով հիփոթեքային տոկոսադրույքը կարող է կազմել ընդամենը 4 տոկոս։ -0-
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: