ՀՀ–ում այսօրվանից ուժի մեջ մտավ անկանխիկ գործառնությունների մասին օրենքը. ներկայացնում ենք դրա առանցքային դրույթները

01.07.2022, 11:05
Այս տարի օրենքը կսկսի գործել Երևանում, 2023թ.–ին` մարզկենտրոններում, իսկ 2024թ.–ին` Հայաստանի ամբողջ տարածքում
ՀՀ–ում այսօրվանից ուժի մեջ մտավ անկանխիկ գործառնությունների մասին օրենքը. ներկայացնում ենք դրա առանցքային դրույթները

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 2022թ.–ի հուլիսի 1–ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որն ընդունվել է հունվարի 18–ին մի շարք հարակից օրենքների հետ։ Այսպիսով, ֆիզիկական անձանց կողմից 300 հազար դրամից ավել (մոտ 700 դոլար) գումարով իրականացվող ցանկացած գործարք այսուհետ պետք է իրականացվի անկանխիկ։

Այս տարի օրենքը կսկսի գործել Երևանում, 2023թ.–ին` մարզկենտրոններում, իսկ 2024թ.–ին` Հայաստանի ամբողջ տարածքում։

2022թ.–ի հունիսի 9–ին ԱԺ–ն հաստատեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, ըստ որոնց` 300 հազար դրամը գերազանցող գործարքը, որի դիմաց վճարումը կատարվել է կանխիկ, ճանաչվում է չեղյալ։ Օրենքը նախատեսում է, որ Հայաստանի բոլոր առևտրային կետերում, բացի կրպակներից, պետք է հնարավոր լինի կատարել անկանխիկ վճարում։

 - рис.1

Օրենքի գործողության ոլորտները

ԿԲ–ի հայտարարության մեջ նշվում է, որ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարվող վճարների մասով, սահմանվել է դրանք ամբողջությամբ անկանխիկ իրականացնելու պահանջ։

Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերը, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու են անկանխիկ եղանակով:

Մասնակից բանկեր

ՀՀ տարածքում գործունեություն ծավալող առևտրային բանկերից երկուսը, մասնավորապես՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի բաց օֆերտայի և բանկերի միջև տեղի ունեցած քննարկումների հիման վրա, հանձն են առել և իրականացրել են համապատասխան մեծածավալ ներդրումներ և աշխատանքներ՝ շահառուների մոտ ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով։

ԿԲ–ն նշում է, որ կարելի է դիմել նշված բանկեր համապատասխան ծառայությունները ստանալու համար:

Միաժամանակ այն հարկ վճարողները, ովքեր մինչ օրս չեն ունեցել նման հնարավորություն, ևս կարող են օգտվել նշյալ համակարգից՝ հնարավորինս նվազագույն սակագներով: Նշյալ տեղեկատվության մասին հարկ վճարողները համապատասխան ծանուցում կստանան նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Հարկատու-3» տեղեկատվական հարթակի միջոցով:

 - рис.2

Միջնորդավճար

ՀՀ կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և պայմանները:

Այս առումով, Կենտրոնական բանկը պարբերաբար վերլուծելու է ՀՀ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների սահմանաչափերը և աշխատանքներ է իրականացնելու դրանց օպտիմալացման ուղղությամբ:

Շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց սպասվում են սակագների հետագա վերանայումներ՝ նվազման ուղղությամբ:

 - рис.3

Վերահսկողություն

Ինչպես հայտնում են Պետեկամուտների կոմիտեից, 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնել պատշաճ վերահսկողություն: 

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ առաջացած օբյեկտիվ խնդիրների պարագայում (եթե այդպիսիք առաջանան), վարչարարություն չի իրականացվելու, իսկ սկզբնական շրջանում, առհասարակ, կոմիտեն իրականացնելու է պարզեցված վարչարարություն՝ հսկողությունն ուղղելով ռիսկային ոլորտներ՝ ըստ մշակված ռիսկի չափանիշների։

Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովել սեղմ ժամկետում:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-