Բանկային ավանդների երաշխիք. 6 փաստ, որ պետք է իմանա յուրաքանչյուր ավանդատու

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում բանկային ավանդները ամենատարածված ֆինանսական գործիքն է բնակչության դրամական միջոցների ներդրման համար։ Եվ դա հասկանալի է, չէ՞ որ բանկերը ոչ միայն ապահով պահում են ավանդատուների խնայողությունները, այլև տոկոսներ են վճարում։ Իսկ բանկի սնանկության կամ լիզենցիան հետ կանչելու դեպքում Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը կփոխհատուցի ավանդատուների միջոցները` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի համաձայն։
Դեռևս 2004թ.–ին ընդունված օրենքով, դրամով երաշխավորված ավանդի առավելագույն գումարը կազմում էր 4 մլն դրամ, արտարժույթի դեպքում` 2 մլն դրամ։ Արդեն 2015թ.–ին այդ սահմանաչափը վերանայվեց և ավելացվեց` համապատասխանաբար 10 մլն դրամ և 5 մլն դրամ։
Միաժամանակ 2020թ.–ի դեկտեմբերի 1–ից սկսում են գործել նոր պայմաններ, որոնք երաշխավորում են բանկային ավանդների վերադարձ։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է պարզել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել և ինչպես է այդ ամենը գործելու։
1. Ավանդատուների համար լավ լուրն այն է, որ 2020թ.-ի դեկտեմբերի 1-ից ֆիզիկական անձանց համար երաշխավորված դրամային ավանդի առավելագույն գումարը կավելանա մինչև 16 մլն դրամ՝ ներկայիս 10 մլն դրամի փոխարեն, իսկ արտարժույթով ավանդների դեպքում՝ 7 մլն դրամին համարժեք՝ ներկայում գործող 5 մլն-ի փոխարեն։
2. Փոփոխությունները տարածվում են ոչ միայն նոր ավանդների վրա, որոնք կիրականացվեն օրենքի նոր փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո, այլև քաղաքացիների արդեն ունեցած բոլոր դեպոզիտների վրա։
3. Միաժամանակ փոփոխությունները վերաբերում են նաև անհատ ձեռներեցներին։
4. Ավանդների փոխհատուցման միջոցները տրամադրվում են 2005 թ.-ին Կենտրոնական բանկի կողմից ստեղծված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից։ Հայկական բանկերը, ըստ օրենսդրության, եռամսյակը մեկ հիմնադրամին են փոխանցում իրենց հաշիվներում պահվող ավանդների գումարի 0,05%-ը։
5. Եթե ձեր բանկն իրեն անվճարունակ է ճանաչել կամ նրա լիցենզիան հետ է կանչվել, ապա Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը պարտավոր է 3 օրում ավանդատուներին տեղեկացնել կատարվածի մասին և տեղեկատվություն տրամադրել հետագա գործողությունների մասին, մասնավորապես, ինչ դիմումներ և փաստաթղթեր են անհրաժեշտ ավանդների փոխհատուցման ձևակերպման համար, ինչ տեսքով և որտեղ է դրանք պետք ուղարկել:
6. Ավանդների փոխհատուցման ժամանակ բարդություններից ու հետաձգումներից խուսափելու համար բանկերը խորհուրդ են տալիս ժամանակին իրազեկել անձնական տվյալներում տեղի ունեցած ցանկացած փոփոխությունների մասին՝ անձնագրի, սոցիալական քարտերի տվյալների, ինչպես նաև հասցեների, հեռախոսահամարների և այլ փոփոխությունների դեպքերում:
Եվ վերջում մի փոքր վիճակագրություն
Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով, 2020թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ, բանկային ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 3570.7 մլրդ դրամ: Դրանից 1664.7 մլրդը(47%) դրամով ներգրավված ավանդներն են, իսկ 1906.0 մլրդ դրամը (53%)՝ արտարժույթով: Ընդ որում, ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների ծավալն ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 1694.7 մլրդ դրամ, որից 841.8 մլրդը (49,7%) դրամային ավանդներն են, իսկ 852,8 մլրդը (50,3%)` արտարժութային:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–