Անկանխիկ վճարումներ. հեշտ, արագ, հարմար
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. Փորձագետները ողջ աշխարհում կարծում են, որ անկանխիկ վճարումները մարդկության ապագան են։ Նրանց կանխատեսմամբ, արդեն 2–3 տարի անց մենք ապրելու ենք անկանխիկ հասարակությունում։ Օրինակ, Շվեդիայում վճարումների միայն 12-13%–ն է իրականացվում կանխիկ գումարով։ Շվեդները, ամենայն հավանականությամբ, արդեն 2023թ.–ին կարող են դառնալ աշխարհի առաջին անկանխիկ հասարակությունը։
Հայաստանում այս տեսանկյունից ևս նկատվում է դրական դինամիկա։ Այսպես, Հայաստանի բանկերի միության տվյալներով, 2019թ.–ին երկրում անկանխիկ գործարքների թիվը գերազանցել է 30 միլիոնը (72,9%–ի աճ), իսկ կանխիկ և անկանխիկ գործարքների հարաբերակցությունը գրեթե հավասարվել է` բոլոր գործարքների 52%–ն իրականացվել է կանխիկ, 48%–ն` անկանխիկ։ ՀՀ քաղաքացիներն ըստ արժանվույն են գնահատել անկանխիկ վճարումների հարմարավետությունն ու առավելությունները, և ակտիվորեն օգտվում են այդ հնարավորությունից։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է իր ընթերցողներին պարզել անկանխիկ վճարումների բոլոր առավելությունները։
Որո՞նք են անկանխիկ վճարումների առավելությունները
Սկզբում հիշեցնենք, որ անկանխիկ հաշվարկները կամ վճարումները կատարվում են առանց կանխիկ փողի օգտագործման։ Այսինքն, դուք վճարում եք քարտով կամ պարզապես ձեր բանկային հաշվից միջոցները փոխանցում եք անհրաժեշտ հաշվի վրա` առանց բանկ այցելելու։ Վճարումների նման ձևաչափը հասանելի է բոլորին` իրավաբանական անձանց, ձեռներեցներին և հասարակ քաղաքացիներին։ Վճարման նման միջոցն ամենահարմարներից է, քանի որ կատարվում է արագ, աշխարհի ցանկացած կետից` առանց բանկ այցելելու, գրեթե առանց նորմատիվային սահմանափակումների։ Դուք պարզապես փոխանցում եք միջոցները ձեր հաշվից, և դրանք ավտոմատ կերպով կարճ ժամանակահատվածում փոխանցվում են ձեր կողմից նշված հաշվին։ Աշխատանքային օրվա ավարտին ուղարկողին տրամադրվում է քաղվածք, որտեղ նշված է օրվա սկզբում և վերջում արձանագրված մնացորդը, ինչպես նաև բոլոր մուտքային և ելքային գործառնությունները, ինչը թույլ է տալիս հաշվի տիրոջը վերահսկել դրամական հոսքերը։ Անկանխիկ վճարումները փաստորեն թույլ են տալիս արագացնել վճարումների և գումարի փոխանցման գործընթացները, ինչպես նաև պահպանել կանխիկ թղթադրամների առկայությունը շրջանառության մեջ։
Անկանխիկ գործառնությունները պարտադի՞ր են
Անկանխիկ գործառնությունները պարտադիր չեն, սակայն ցանկալի են։ Նման ձևաչափը շատ հարմար է բիզնեսին, այն թույլ է տալիս կատարել արագ գործարքներ, առանց ռեսուրսների և ժամանակի կորստի, ինչպես նաև պարտադիր չէ ունենալ խոշոր գումար։ Հասարակ քաղաքացիների համար ևս շատ հարմար են անկանխիկ գործառնությունները, դուք կարող եք կատարել գործարքներ տնից, օրինակ, գնումներ կատարել, վճարել կոմունալները, գնել թատրոնի տոմսեր և անգամ դեղորայք: Դրա համար պետք չէ անձամբ խանութ կամ այլ հաստատություններ այցելել, ավելին՝ կարելի է դա անել հարմար ժամի, անգամ երեկոյան: Օրինակ, ձեզ շտապ անհրաժեշտ է վճարել բջջային կապի դիմաց, իսկ բջջային օպերատորների գրասենյակներն արդեն փակ են կամ դուք չենք ցանկանում փնտրել վճարման տերմինալ: Այդ դեպքում ձեզ կփրկի բջջային կամ ինտերնետ-բանկինգը, որի օգնությամբ մի քանի րոպեում կարող եք ձեր քարտից վճարում կատարել ծառայության դիմաց և նորից օգտվել հեռախոսից:
Ինչպե՞ս կառավարել բանկային հաշիվը
Այստեղ օգնության է հասնում բջջային բանկինգը։ Այն հավելված է, որը դուք ներբեռնում եք ձեր հեռախոսի մեջ և դրա օգնությամբ փոխանցում եք կատարում այլ բանկեր: Նաև կարող եք համալրել ավանդը, մարել վարկը, փոխանցման վճարման հայտ ներկայացնել, փոխանցում կատարել մեկ այլ հաճախորդի հաշվեհամարին կամ այլ բանկային քարտի, իրականացնել փոխանցումներ ձեր բոլոր հաշիվների միջև: Բացի այդ, բջջային հավելվածում կարող եք վճարել կոմունալ ծառայությունների դիմաց՝ էլեկտրաէներգիա, գազ, ջուր, ինչպես նաև վճարել բջջային կապի, ինտերնետի և այլ ծառայությունների համար:
Բջջային հավելվածի ակտիվացման համար անհրաժեշտ է կապ հաստատել բանկի հետ (որոշ հաճախորդների համար այս ծառայությունը կարող է վճարովի լինել), ինչից հետո ստանալ ակտիվացման հատուկ կոդ, ներբեռնել հավելվածը և սահմանել սեփական ծածկագիրը: Ինչ վերաբերում է ինտերնետ-բանկինգին, ապա այն նույնպես ակտիվանում է բանկի հետ համաձայնությամբ, բայց այս դեպքում ներբեռնել ոչինչ պետք չէ: Պարզապես անհրաժեշտ է մտնել բանկի կայքէջ և ծածկագրի օգնությամբ կատարել անհրաժեշտ գործառնությունը:
Բիզնեսն ի՞նչ գործիքներ ունի վճարում կատարելու համար
Բիզնեսի համար գոյություն ունեն մի քանի տեսակ անկանխիկ վճարումներ, այդ թվում` վճարման հանձնարարականներ, ակրեդիտիվներ, չեկեր, ինկասո: Այնուամենայնիվ տվյալ դեպքում կան մի քանի նրբություններ: Օրինակ, վճարման հանձնարարականների համար անհրաժեշտ է ձևակերպել փաստաթուղթ, համաձայն որի` բանկին հանձնարարված է գումարը փոխանցել ուղարկողի հաշվեհամարից նշված ռեկվիզիտներով: Ընդ որում փոխանցումը պետք է կատարվի հանձնարարականում նշված ժամկետներում: Ակրեդիտիվը հատուկ հաշվեհամար է, որն օգտագործվում է այն դեպքերում, երբ պահանջվում է բանկի մասնակցությունը գործարքի կատարման մեջ:
Ավելի հասկանալի լեզվով՝ դա ուղարկողի հանձնարարականն է ստացողին գումար փոխանցելու մասին՝ վերջինիս կողմից մի քանի պայմանների կատարման դեպքում (դա կարող է լինել ապրանքի կամ փաստաթղթի առաքում և այլն): Օրինակ, ուղարկողը բանկում հաշիվ է բացում, փոխանցում ապրանքի դիմաց գանձվող գումարը, որը բանկը կփոխանցի վաճառողին այն բանից հետո, երբ կստանա ապրանքի առաքման հաստատումը: Մեկ այլ միջոց են չեկերը, որոնցում հանձնարարվում է բանկին գումար փոխանցել չեկում նշվող մարդու հաշվեհամարին:
Ինկասո անկանխիկ վճարումն իրականացվում է միայն ստացողի մոտ միջոցների և ուղարկողի հաշվից փոխանցում կատարելու հատուկ իրավունքի առկայության դեպքում։ Դա կարող է լինել նախկինում կնքված պայմանագիր, և դրա վճարման համար պետք է դիմել բանկ և ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, որոնք հաստատում են որոշակի գումար պահանջելու իրավունքը։
Որո՞նք են անկանխիկ վճարումների առավելությունները
Դուք կարող եք հավելավճարով գործարք կատարել, պետք չէ ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր`փոխանցում կատարելու համար, կրճատվում են կանխիկ միջոցների տեղափոխման և պահպանման ծախսերը։ Բացի այդ, դուք նվազագույնին եք հասցնում կեղծ թղթադրամների օգտագործումը և դրանց կորստի հավանականությունը։
Բիզնեսի համար չկա դրամարկղ ունենալու անհրաժեշտություն, կարելի է զգալիորեն կրճատել այս գործողությունների սպասարկման ծախսերը։ Բացի այդ, վերջին շրջանում հայկական բանկերն ակտիվորեն զարգացնում են անկանխիկ վճարումների, բջջային և ինտերնետ–բանկինգի ծառայությունները, ինչպես նաև նվազեցնում են դրանց սպասարկման վճարը և տրամադրում տարբեր զեղչեր և առաջարկներ։
Իսկ որո՞նք են թերությունները
Վճարում կատարելու ոչ մի տարբերակ, ցավոք, կատարյալ չէ։ Անկանխիկ վճարման թերությունների թվում են բանկում տեխնիկական խափանումների հնարավորությունը, որոնք կարող են դառնալ վճարումների ուշացման պատճառ, համացանցում կամ բջջային հավելվածի հնարավոր խափանումները։ Սակայն, եթե ընդհանուր առմամբ դիտարկենք, թե ինչ է անկանխիկ վճարումը, կպարզվի, որ այդ տարբերակն ունի ավելի ծանրակշիռ առավելություններ, քան թերություններ։
Ինչպե՞ս իրականացնել անկանխիկ գործարքներ
Նախ պետք է հաշվեհամար բացել բանկում, իսկ դրա համար կպահանջվի պայմանագիր կնքել բանկի հետ։ Եթե դուք արդեն ունեք հաշվեհամար, պետք է հետաքրքրվեք ձեր բանկում, հնարավո՞ր է, արդյոք, ակտիվացնել բջջային կամ ինտերնետ բանկինգ կամ անկանխիկ վճարումների վերը նշված տարբերակներից որևէ մեկը։ Որոշ առցանց ծառայություններ կարող են վճարովի լինել, իսկ բանկի որոշ հաճախորդների համար դրանք կարող են ներառված լինել ընդհանուր ծառայությունների փաթեթի մեջ, որին դուք միացած եք, սակայն, հնարավոր է, չգիտեք դրա մասին։ Կարևոր է չվախենալ և պահպանել անվտանգության հիմնական կանոնները՝ չհայտնել գաղտնաբառերն անծանոթ մարդկանց, և ձեր միջոցերն ու գործարքները կլինեն ապահով:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-