10 հարց hիփոթեքի մասին, որոնք հետաքրքրում են բոլորին

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Պարզվում է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի շատ է ստիպել մարդկանց տուն գնել քաղաքից դուրս, բնության գրկում կամ կարգի բերել քաղաքից դուրս գտնվող առանձնատները։ Եվ հիփոթեքի շուկան սկսեց ակտիվանալ նման իրարանցման արդյունքում։ Նախորդ տարի հիփոթեքային վարկերի ծավալն ավելացել է 23,3%–ով։ Փորձագետները կարծում են, որ աճի նման միտում է սպասվում նաև 2021թ.–ին։
Այսօր Հայաստանում գործում է հիփոթեքային վարկավորման ավելի քան 15 ծրագիր, որոնց շրջանակում հիփոթեք է տրամադրվում երիտասարդ ընտանիքներին, սկսնակ մասնագետներին, զինծառայողներին, միայնակ մայրերին և այլ կատեգորիաների քաղաքացիներին։ Մի խոսքով, ֆինանսական այս գործիքը բավականին պահանջված է։ Սակայն հիփոթեքային վարկը կապված է մեծ գումարների հետ, և բավականին երկար ժամանակ է պահանջվում այն վերադարձնելու համար։ Զարմանալի չէ, որ այս տեսակի վարկավորումն ունի որոշակի նրբություններ, որոնց մասին պետք է իմանալ։ Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է ամենից հաճախ տրվող հարցերը, որոնց պատասխանները կօգնեն խուսափել հիփոթեքի հետ կապված բարդություններից։
Հարց 1. ընտանեկան բյուջեի ո՞ր մասն է պետք հատկացնել հիփոթեքը մարելու համար
Պատասխան. հիփոթեքային վճարները պետք է այնպես հաշվարկել, որպեսզի դրանք չգերազանցեն ընտանեկան եկամտի 30 %–ը։ Որոշ վարկառուներ կարծում են, որ որքան շատ է ամսական վճարն, այնքան ավելի արագ է վճարվում հիփոթեքը և այնքան ավելի քիչ գումար ես ավել վճարում։ Սակայն դա միայն առաջին հայացքից է, իրականում չկա ոչ մի երաշխիք, որ տեղի չի ունենա ինչ–որ ֆորս–մաժորային իրավիճակ (աշխատանքի կորուստ, դժբախտ պատահար և այլն), որի հետևանքով դուք կուշացնեք ձեր ամսական վճարներն ու կգանձվեն տուգանքներ։ Էլ չենք խոսում այն մասին, որ վնաս է մշտապես ապրել ծայրահեղ տնտեսման պայմաններում և կարելի է պարզապես չդիմանալ, դե դա արդեն կամքի ուժի հարց է։
Հարց 2. ի՞նչ արժույթով է ավելի լավ վերցնել վարկը
Պատասխան. միայն այն արժույթով, որով դուք ստանում եք ամսական եկամուտ։ Հիփոթեքային վարկը երկարաժամկետ է, և արտարժույթի փոխարժեքի տատանումների դեպքում դուք ստիպված կլինեք ավել վճարել` փոխելով դրամն արտարժույթի։
Հարց 3. hիփոթեքային վարկ տրամադրող բանկերը շատ են։ Ինչպե՞ս չսխալվել վարկատու ընտրելիս
Պատասխան. հիփոթեքի համար վարկատու ընտրեք միայն խոշոր բանկերից, որոնք ունեն բազմամյա փորձ և լավ համբավ ու առաջարկում են մաքսիմալ շահավետ պայմաններ։ Պետք չէ շտապել հիփոթեքային ծրագիր ընտրելիս, գտեք ամենահարմարը`շահավետ, արտոնյալ պայմաններով։
Հարց 4. մտերիմները խորհուրդ են տալիս վարկ վերցնել միանգամից մեծ բնակարան գնելու համար, իսկ ես կասկածում եմ։ Ի՞նչ անել
Պատասխան. մի վերցրեք հիփոթեք միանգամից մեծ բնակարան գնելու համար։ Ավելի լավ է աստիճանաբար բարելավել կենսապայմանները` եկամուտների ավելացմանը զուգահեռ։
Հարց 5. վարկառուն ի՞նչ լրացուցիչ ծախսեր կարող է ունենալ կանխավճարից և հիփոթեքը գրանցելու պետական տուրքից բացի
Պատասխան. բնակարանը հիփոթեքով գնելիս ուշադիր կարդացեք պայմանագիրը, հատուկ ուշադրություն դարձրեք լրացուցիչ (երբեմն թաքնված) միջնորդավճարների և ծախսերի վրա։ Ըստ էության, կանխավճարն ու հիփոթեքի գրանցման պետական տուրգը բոլոր վճարները չեն, որոնք պետք է կատարի վարկառուն։ Որոշ վարկային կազմակերպություններ փորձում են հաճախորդից գումար գանձել ցանկացած` նույնիսկ ամենաչնչին ծառայության համար` հայտն ուսումնասիրելու, վարկը տրամադրելու, արժույթը փոխելու, հաշվից մեկ այլ հաշիվ գումարը փոխանցելու, բանկային քարտ տրամադրելու և այլ ծառայությունների համար։
Հարց 6. ի՞նչ ռիսկեր կան երկարաժամկետ հիփոթեքի դեպքում
Պատասխան. կա ռիսկ, որ բնակարանը կդառնա ոչ լիկվիդային։ Նման բան կարող է պատահել, երբ հիփոթեքը ձևակերպվում է 20–30 տարով։ Այստեղ կա միանգամից երկու խոչընդոտ, որոնք կարող են տխրեցնել ձեզ։ Դուք ոչ միայն այդքան երկար ժամանակ տոկոսների համար վճարել եք մի քանի անգամ ավել, այլև բնակարանի գինն այդ ընթացքում զգալիորեն նվազել է և անհրաժեշտության դեպքում դժվար թե կարողանաք նորմալ գնով վաճառել բնակարանը։ Այստեղ պետք է հաշվի առնել մի շարք գործոններ` բնակարանը գնում եք առաջնային, թե երկրոդային շուկայից, կառուցապատման փուլում, թե ոչ, դուք վստահ եք, որ անխափան ստանալու եք ֆինանսական եկամուտներ։ Պետք է հասկանաք, որ անհնար է կանխատեսել բոլոր ռիսկեր, բայց դուք ի վիճակի եք հասցնել դրանք նվազագույնի։
Հարց 7. ի՞նչ ժամկետով է ավելի լավ վերցնել հիփոթեք
Պատասխան. Հայաստանում բանկերը հիփոթեքային վարկեր են տալիս 10–30 տարի ժամկետով։ Ժամկետի ընտրությունը հիմնականում կախված է լինելու ձեր ռեսուրսներից։ Եթե դուք վստահ եք, որ ձեր եկամուտները կայուն են, բացի այդ ունեք որոշ խնայողություններ, ապա կարող եք օգտվել երկարաժամկետ հիփոթեքից` նվազագույն ամսավճարներով։ Նման հիփոթեքի հիմնական դրական կողմն այն է, որ այն ծանր բեռ չի դառնա ձեր ընտանեկան բյուջեի համար։ Ինչ վերաբերում է կարճաժամկետ հիփոթեքին, ապա այն պետք է վերցնել, եթե շուկայում կա շատ շահավետ առաջարկ կամ եթե ձեզ շտապ պետք է փոխել բնակարանը։
Հարց 8. վճարման ո՞ր տարբերակն է ավելի շահավետ` անուիտետայի՞ն, թե՞ դիֆերենցված
Պատասխան. ինչպես հայտնի է, անուիտետային վճարի դեպքում դուք բանկին վճարում ենք ամսական նույն գումարը։ Այն ավելի հարմար է, եթե ձեր եկամուտը կայուն չէ և մեծ մասը գնում է հիփոթեքի վրա։
Դիֆերենցված վճարը տարբերվում է նրանով, որ վճարելով վարկը` հիմնական պարտքը հավասարաչափ նվազում է, և արդյունքում դուք բանկին վճարում ենք ավելի քիչ տոկոսներ։ Վճարման այս տեսակն ավելի շահավետ է, եթե անգամ ամենախոշոր վճարը ձեզ համար կրիտիկական չէ։
Փորձագետների մեծ մասը խորհուրդ է տալիս ընտրել անուիտետային տարբերակը շուկայի բարձր փոփոխականության պայմաններում։
Հարց 9. ո՞վ կօգնի օբյեկտիվ գնահատել անշարժ գույքը, որը ցանկանում ենք ձեռք բերել հիփոթեքով
Պատասխան. հիփոթեքի օբյեկտն ընտրելիս դիմեք միայն անկախ գնահատողներին, քանի որ անշարժ գույքի գործակալները միշտ չափազանցնում են անշարժ գույքի վիճակը, որպեսզի այն ավելի շահավետ վաճառեն։
Հարց 10. պե՞տք է ունենալ ինչ–որ խնայողություններ հիփոթեք վերցնելուց առաջ
Պատասխան. վարկային պայմանագիրը ստորագրելուց առաջ ստեղծեք ֆինանսական պահուստ, այդպես է կոչվում անվտանգության ֆինանսական բարձիկը, որը բաղկացած է երեք ամսվա հիփոթեքային վճարներից։ Դա կհաղորդի վստահության զգացում գոնե սկզբնական շրջանում։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–