ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Խաչատրյանը և մեր ժամանակները» խորագրով hայ ժամանակակից երաժշտության 2-րդ փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 20–27-ը, հայտնում է Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ փառատոնային համերգների ընթացքում կկայանան մեկ սիմֆոնիկ և երկու կամերային համերգներ: Փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Կհնչեն Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի, Վարդան Աճեմյանի, Ստեփան Շաքարյանի, Սուրեն Զաքարյանի, Էդուարդ Սադոյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Արամ Սաթյանի, Վահրամ Բաբայանի, Լևոն Չաուշյանի, Միխայիլ Կոկժաևի, Էդմոնդ Մակարյանի, Արզաս Ոսկանյանի, Արտաշես Քարթալյանի, Մարտին Վարդազարյանի, Աննա Գարսոյանի, Նուբար Ասլանյանի, Սվետլանա Ալեքսանյանի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները:
Մյուս երկու համերգները կկայանան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 22-ին և 27-ին: Համերգների սկիզբը՝ ժամը 19:00-ին: Երեք համերգային օրերի ընթացքում կհնչեն ստեղծագործությունների պրեմիերաներ, որոնց մեծ մասը նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում