ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. The Guardian-ի գլխավոր ջազային քննադատ Ջոն Ֆորդհեմն անդրադարձել է հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի նոր Atmosphères ջազ ալբոմին, որը թողարկվել է 3 նորվեգացի երաժիշտներ Արվե Հենրիկսենի, Էյվինդ Օրսեթի և Յան Բանգի հետ համագործակցությամբ:
«Ինչպես և ասել էր խարիզմատիկ երիտասարդ հայ դաշնակահար Տիգրան Համասյանը հենց սկզբից, իր ծագումը մշտապես սնելու է իր երաժշտությունը, որքան էլ այն էկլեկտիկ ու եվրոպականացված դառնա»,- գրել է Ֆորդհեմը:
«Համասյանի անդրադարձը ժողովրդական երաժշտությանը (մասնավորապես, լեգենդար հայ կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործություններին) առանձնահատուկ մեղեդայնություն է հաղորդում այդ նոր էլեկտրաակուստիկ քառյակին, որտեղ հնչում է Արվե Հենրիքսենի շեփորի լուսավոր ձայնը, էյվինդ Օրսեթի կիթառը և նորագույն էլեկտրոնիկան Բանգի կատարմամբ»,-ասվում է հոդվածում:
Ջազային քննադատը նշել է քառյակի, և հատկապես Համասյան–Հենրիքսեն զույգի բոլոր արժանիքները և առավելությունները` հավելելով, որ երիտասարդներին մեծ ապագա է սպասում, գրում է
panarmenian.net–ը։
Օգոստոսի 23-ին Տիգրան Համասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իր նոր Atmosphères ալբոմը թողարկվելու է մի քանի օրից: Նոր ալբոմի ստեղծագործությունների 95 տոկոսն իմպրովիզացիա է, ինչպես գրել էր Համասյանը։ Նա նշել էր նաև, որ ալբոմը ձայնագրվել է 2 օրում շվեյցարական Լուգանոյի ձայնագրման ստուդիաներից մեկում: -0-