Երևանում բացվել է «Կոմիտասը 20–րդ դարի նկարիչների աչքերով» խորագրով ցուցահանդեսը

05.05.2015, 20:19
Երևանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է աշխարհահռչակ կոմպոզիտորին նվիրված «Կոմիտասը 20 րդ դարի նկարիչների աչքերով» ցուցահանդեսը։
Երևանում բացվել է «Կոմիտասը 20–րդ դարի նկարիչների աչքերով» խորագրով ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է աշխարհահռչակ կոմպոզիտորին նվիրված «Կոմիտասը 20 րդ դարի նկարիչների աչքերով» ցուցահանդեսը։

«Սարգիս Մուրադյանը եղել է 20–րդ դարի առաջին հայ նկարիչներից մեկը, ով խորհրդային տարիներին` 50–ականներին, անդրադարձել է Կոմիտասի թեմային, քանի որ ավելի վաղ այդ թեման արգելված էր։ Իր ողջ կյանքի ընթացքում Մուրադյանը յուրաքանչյուր 5–7 տարին մեկ անգամ վերադարձել է այդ թեմային Հայոց ցեղասպանության ողբերգությունը նկարագրելու համար», – բացման ժամանակ ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ, հայտնի նկարիչ Սարգիս Մուրադյանի դուստրը` Զարուհի Մուրադյանը։

Խոսելով ցուցահանդեսի թեմայի մասին` Մուրադյանը նշեց, որ երեք ամիս առաջ ինքը որոշել էր Հայոց ցեղասպանության նվիրված ցուցադրություն կազմակերպել, ինչի համար քաղաքի տարբեր գեղարվեստական ստուդիաներում սկսել է աշխատանքներ փնտրել։

«Ցավոք, քիչ թվով նկարիչներ կային, որ Ցեղասպանության թեմային նվիրված աշխատանքներ ունեին։ Սակայն  վերջին ամսվա ընթացքում այս թեման քարի պես ընկած էր մեր ժողովրդի հոգում, ինչը դրդեց ինձ Կոմիտասի թեման ներկայացնել ավելի լուսավոր տեսանկյունից։ Չեմ ուզում, որ ցուցահանդեսը տխուր երանգ ստանա», – նշեց Մուրադյանը։

Ցուցահանդեսին ներկայացված են հայ նկարիչներ Սարգիս Մուրադյանի, Սուրեն Սաֆարյանի, Գրիգոր Աղասյանի, Տիգրան Թոքմաջյանի, Վաղինակ Ասլանյանի, Հակոբ Հակոբյանի, Հովհաննես Զարդարյանի, Մկրտիչ Սեդրակյանի, Հենրիխ Մամյանի և ուրիշների 35 աշխատանքները։

Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 26–ը, մուտքն ազատ է։

Սարգիս Մուրադյանի պատկերասրահը բացվել է Երևանում դեկտեմբերին, և «Կոմիտասը 20–րդ դարի նկարիչների աչքերով» ցուցահանդեսը թվով չորրորդն է։

Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել: 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ,  1895 թ-ին՝ վարդապետ: 1895 թ-ին Թիֆլիսում հարմոնիայի դասեր է առել Մակար Եկմալյանից: 1896–99 թթ-ին ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր:

1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում: 1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում: 1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր: Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»:

1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը մնացել է Փարիզի հոգեբուժարաններում: Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը:

Կոմիտասի անունով են կոչվել լարային քառյակը, Երևանի պետական կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, Երևանի պողոտաներից մեկը, Երևանի այգիներից մեկը, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը։ –0–