Հայոց ցեղասպանության թեման շատ թույլ է ներկայացված համաշխարհային կինեմատոգրաֆում. կինոգետ

01.04.2015, 17:01
Հայոց ցեղասպանության թեման շատ թույլ է ներկայացված համաշխարհային, այդ թվում` հայկական կինեմատոգրաֆում, հայտնեց կինոգետ Սիրանուշ Գալստյանը։
Հայոց ցեղասպանության թեման շատ թույլ է ներկայացված համաշխարհային կինեմատոգրաֆում. կինոգետ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության թեման շատ թույլ է ներկայացված համաշխարհային, այդ թվում` հայկական կինեմատոգրաֆում, հայտնեց կինոգետ Սիրանուշ Գալստյանը։

«Աշխարհում և Հայաստանում շատ քիչ ֆիլմեր են նկարահանվում Հայոց ցեղասպանության մասին։ Կարելի է ասել, որ այդ հարցում լռություն է տիրում։ Այո, մենք ցանկանում ենք, որ միայն որակյալ ֆիլմեր նկարահանվեն, որոնք կցնցեն հեռուստադիտողի երևակայությունը, բայց այդ հարցում պետք է հրաժարվել պճնամոլությունից»,– չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Գալստյանը։

Ըստ նրա, պետք չէ խուսափել Ցեղասպանության մասին ֆիլմերի ժանրային բազմազանությունից, պետք է մեծ թվով ֆիլմեր նկարահանել, քանի որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հաճախ հենց մելոդրամաները, որոնց այդքան արհամարհանքով է վերաբերվում հայ հասարակությունը, ամենամեծ ազդեցությունն են ունենում լայն լսարանի վրա։

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության այն հարցին, թե ինչպես է նա գնահատում Ֆաթիհ Աքինի` Հայաստանում սուր քննադատության արժանացած «Սպի» ֆիլմը, կինոգետը նշեց, որ այդ ժապավենը, անկասկած, կարելի է ավանդ համարել Հայոց ցեղասպանության թեմայի լուսաբանման գործում։ 

«Այո, ֆիլմը դիտելուց հետո հարցեր են մնում։ Մասնավորապես, որևէ կերպ չի նշվում, որ Ցեղասպանությունը ծրագրված հանցագործություն է, ինչ–որ պահի ֆիլմը վերածվում է վեսթերնի։ Բայց կան նաև գեղարվեստական լուծումներ, որոնք ազդում են հանդիսատեսի վրա զգայական մակարդակով»,– ասաց Գալստյանը։

Ազգությամբ թուրք գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմում Նազարեթ Մանուկյանը որոնում է դստերը, որին կորցրել էր 1915 թվականի ողբերգական իրադարձությունների ժամանակ։ Ֆիլմի երևանյան պրեմիերան կայացել է փետրվարի 19–ին։

Նա հայտնեց նաև, որ 2016 թվականին ծրագրված է Վիգեն Չալդրանյանի` Կոմիտասի մասին Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմի պրեմիերան։

Բանասեր Արծվի Բախչինյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր չնկարահանելու պատճառն այն է, որ հայերի համար ծանր է խոսել այդ թեմայի շուրջ։

«Մենք մեր ցավի մասին գեղարվեստական լեզվով խոսել չգիտենք։ Առհասարակ հոգեբանորեն շատ դժվար է խոսել սեփական ժողովրդի ողբերգության մասին։ Այդ իսկ պատճառով մենք երախտագիտությամբ պետք է վերաբերվենք նրան, որ օտարերկրացի ռեժիսորներն այդ թեմայով ֆիլմեր են նկարահանում»,– ասաց Բախչինյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—