«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան ներկայացուցչի երգի տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 29-ին

29.10.2014, 13:54
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան ներկայացուցչի` Բեթթիի «Արևի մարդիկ» երգի տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 29-ին։
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան ներկայացուցչի երգի տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 29-ին

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան ներկայացուցչի` Բեթթիի «Արևի մարդիկ» երգի տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 29-ին։

Ինչպես հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, պրեմիերան կլինի 21:30-ին Հանրայինի եթերում:

Հայկական երգարվեստում առաջին անգամ տեսահոլովակը նկարահանվել է ‹‹սելֆի վիդեո›› տարբերակով։ Երգի ստեղծման գործում երգչուհուն օգնել են կոմպոզիտոր Մանե Հակոբյանը, բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը։

15-ամյա Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) «People of the sun» երգով հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2014» մրցույթի ընտրական փուլում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

«Մանկական Եվրատեսիլ 2014»-ին կմասնակցեն Վրաստանը, Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Իտալիան, Կիպրոսը, Ռուսաստանը, Շվեդիան, Մոնտենեգրոն և Նիդեռլանդները ներկայացնող մասնակիցները:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ.–ից։ Առաջին անգամ մրցույթին Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» մանկական խումբը` «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2008թ.–ին Մոնիկա Մանուչարյանը ներկայացել է «Իմ երգի հնչյունները» երգով և զբաղեցրել ութերորդ տեղը: 2009թ.–ին Լաուրա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով նվաճեց երկրորդ տեղը`այդ տեղը կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ։ Մեկ տարի անց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Մինսկում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող ԼՂՀ  12–ամյա Վլադիմիր Արզումանյանը, իսկ 2011թ.–ին մրցույթն անցկացվեց Երևանում, որտեղ Հայաստանը ներկայացրեց երգչուհի Դալիթան։

Compass Band հայկական խումբը, որը 2012թ.–ին Ամստերդամում ներկայացրեց Հայաստանը, զբաղեցրեց երրորդ տեղը։ 2013 թ.-ին Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը Կիևում կայացած մրցույթին զբաղեցրեց վեցերորդ տեղը: -0-