ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Երևանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արարատն է վկա» երաժշտական նախագծի շնորհանդեսը:
Ինչպես նշեց նախագծի պրոդյուսեր, «Աշխարհի մարդիկ» հիմնադրամի հիմնադիր Ստեֆան Հեքիմյանը, տեսահոլովակի ստեղծման գաղափարը ծագել է 3-4 ամիս առաջ` կոմպոզիտոր և երգի խոսքերի հեղինակ Էլինա Սամարինայի շնորհիվ, ով ծագումով հայ է:
«Նախագծի նպատակն է տեղեկացնել աշխարհին հայ ժողովրդի նկատմամբ կատարված անարդարության մասին: Տեսահոլովակում մենք հայերին ներկայացվում ենք ոչ թե որպես զոհերի, այլ որպես ուժեղ և բարգավաճող ազգի», - ասաց Հեքիմյանը:
Նա ավելացրեց, որ այս պահին գրեթե ավարտվել է երգի անգլերեն տարբերակի ձայնագրությունը, սակայն անունը դեռ չի ընտրվել:
«Երգի ռուսերեն տարբերակը կատարում է Էդուարդ Մհերը: Մենք պատրաստվում ենք ներկայացնել տեսահալովակը Եվրոպայի մի շարք երկրներում, Ռուսաստանում... մեծ հաճույքով կներկայացնենք այն Թուրքիայում, եթե հովանավորներ լինեն», - նշել է պրոդյուսերը:
Տեսահոլովակ-ֆիլմի ռեժիսոր և գաղափարի հեղինակ Սերժ Գաբյանն իր հերթին նշեց, որ ֆիլմի սյուժեն հասկանալի է տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներին, այդ թվում նաև նրանց, ովքեր ծանոթ չեն ցեղասպանության պատմությանը:
«Մենք որոշեցինք, որ հոլովակը կլինի միայն անգլալեզու և ռուսալեզու, քանի որ հայերն առանց այդ էլ գիտեն իրենց ցավն, ու պետք չէ կրկին հիշեցնել այդ մասին», - ասաց Գաբյանը:
«Աշխարհի մարդիկ» հայերի պատմամշակութային ժառանգության աջակցության և զարգացման հիմնադրամը, որը գործում է Ռուսաստանի և մյուս երկրների տարածքում, որտեղ հայեր են բնակվում, հայ ժողովրդի դրական կերպարի և Հայաստանի իմիջի ստեղծման և աջակցության առաքելություն է իրականացնում ողջ աշխարհում բնակվող հայերի ստեղծած սոցիալ-մշակութային ժառանգության նկատմամբ համաշխարհային հանրության ուշադրությունը գրավելու միջոցով:-0-