Աշխարհի յոթ երկրից մոտ 80 հայ ճարտարապետ կմասնակցի «Երևանյան ճարտարապետական բիենալե-2011»-ին
Մոտ 80 հայ ճարտարապետ աշխարհի յոթ երկրից մասնակցում է «Երևանյան ճարտարապետական բիենալե-2011» առաջին միջազգային մրցույթ-ցուցահանդեսին, լրագրողներին հայտնեց Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը:
Չորեքշաբթի մեկնարկած միջոցառումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 15-ը: Փակման օրը ժյուրին կհայտարարի հաղթողների անունները:
«Քաղաքաշինության նախարարության հետ համատեղ մենք լավագույն նախագծի մրցույթ-ցուցահանդեսներ ենք անցկացնում արդեն երրորդ անգամ, սակայն այժմ որոշեցինք ընդլայնել շրջանակները և այդ միջոցառմանը միջազգային կարգավիճակ տալ»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Գրիգորյանը:
Նա հայտնեց, որ այսուհետ ճարտարապետական բիենալեները Հայաստանում ավանդական կդառնան և կանցկացվեն երկու տարին մեկ անգամ:
Թանգարան-ինստիտուտի տնօրենի խոսքով, միջոցառման նպատակը աշխարհի տարբեր երկրներից հայ ճարտարապետների միավորումն ու նրանց ներուժի օգտագործումն է Հայաստանում:
Նա հայտնեց, որ Քաղաքաշինության նախարարությանն առընթեր կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կորոշի հաղթողներին:
Մրցույթ-ցուցահանդեսում ներկայացված են հայ ճարտարապետների կողմից աշխարհի տարբեր երկրներում ստեղծված և վերականգնված ճարտարապետության ամենատարբեր նմուշներ, այդ թվում՝ եկեղեցիներ, բնակելի տներ, հյուրանոցներ, գրասենյակային շենքեր և նույնիսկ հեծանվահրապարակներ: -0-