Հայաստանում Բելառուսի օրերը մեկնարկել են համագործակցության մասին ծրագրի ստորագրմամբ

19.05.2011, 13:56
Հայաստանում Բելառուսի օրերը մեկնարկել են համագործակցության մասին ծրագրի ստորագրմամբ

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2011-2013թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիրը ստորագրվեց հինգշաբթի Երևանում՝ նշանավորելով Հայաստանում Բելառուսի օրերի մեկնարկը:

Փաստաթուղթը ստորագրեցին հայկական կողմից ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, բելառուսական կողմից` պատվիրակության ղեկավար, Բելառուսի մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Կարաչևսկին:

«Վերջին շրջանում շարունակվում է մեր երկրների միջև մշակութային փոխանակության ակտիվ գործընթացը. մեր կոլեկտիվները մեկնում են Բելառուս, մեզ են այցելում Բելառուսից, սակայն դեռ շատ բան կա անելու: Այսօր մենք ևս մեկ քայլ արեցինք մեր մշակութային փոխհարաբերությունները խորացնելու ուղղությամբ. մենք համագործակցության ծրագիր ստորագրեցինք երկու տարվա համար»,- հինգշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ ստորագրված ծրագրի համաձայն, 2013 թվականին  Բելառուսում Հայաստանի օրեր կանցկացվեն, որոնց ընթացքում նախատեսվում է «Հայաստանի հետքը Բելառուսում» ծրագիր անցկացնել, հին ձեռագրերի և գրքերի ցուցահանդես ու համերգներ կազմակերպել:
Կարաչաևսկին իր հերթին նշեց, որ Հայաստանում Բելառուսի օրերի ընթացքում, որոնք կանցկացվեն մայիսի 19-23-ը, «Յուվելիրիկա» ցուցահանդես կանցկացվի, կցուցադրվեն բելառուսական ֆիլմեր, ժողովրդական արհեստների ու ստեղծագործության ցուցահանդես-տոնավաճառ կանցկացվի, ելույթ կունենա «Չիստի գոլոս» երգի ու պարի պետական համույթը:

Նա նաև առաջարկեց հայկական կողմին ներկայացնել սեփական ոսկյա զարդերը Բելառուսի օրերի ընթացքում:
Կարաչաևսկին ընդգծեց, որ եթե շատ երկրների համար մշակույթը հարաբերությունները բարելավելու և «սուր անկյուններ հարթելու» համար է, ապա այս դեպքում նման անհրաժեշտություն չկա, քանի որ երկու երկրի քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են դրված:

Նա նշեց, որ Բելառուսում, ինչպես և Հայաստանում պահպանվել ու զարգացել է ազգային մշակույթը, որը ծառայում է յուրաքանչյուր ժողովրդի ինքնատիպությունը պահպանելու գործին:---0-