Թբիլիսիի հայերի ասամբլեան խնդրել է վրացական կառավարության անդամին գնահատական տալ Թբիլիսիում հայկական եկեղեցին ձևափոխելու փորձերին։
«Թբիլիսիի հայերի ասամբլեան (ԹՀԱ) դիմել է Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարար Նիկոլոզ Ռուռուային՝ խնդրելով իրավական գնահատական տալ հայկական «Նորաշեն» եկեղեցու տեսքի չարտոնված փոփոխման հետ կապված ֆիզիկական անձանց գործողություններին»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԹՀԱ-ից։
Խոսքը անհատների կողմից եկեղեցու շուրջ պարսպի կառուցման մասին է, որը վրացական օրենսդրությամբ մշակութային ժառանգության անշարժ հուշարձան է և պետք է պաշտպանվի ոտնձգություններից նախարարության կողմից։
Ասամբլեայի անդամները պահանջում են նաև պարզաբանել նախարարի դիրքորոշումը մնացած հուշարձանների նկատմամբ, ինչպիսին համարվում են այսպես ասած վիճահարույց հայկական եկեղեցիները, այդ թվում. Սուրբ Նշան (18-րդ դար), Շամխորեցոց Սուրբ Աստվածածին (Կարմիր Ավետարան 18-րդ դար), Երևանցոց Սուրբ Մինաս (18-րդ դար) և Մուղնի Սուրբ Գևորգ (14-րդ դար)։
«Մտահոգված անօրինական բնույթ կրող գործողություններով, մի կողմ թողած տեղի ունեցածի բարոյական կողմը, ԹՀԱ անդամները դիմել են նախարարին՝ խնդրելով արձագանքել՝ ելնելով մանդատից, որով օժտված է մշակույթի նախարարությունը, ինչպես նաև սպառիչ տեղեկատվություն տալ նամակում տրված հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կազմակերպության անդամները մի շարք հարցերով դիմել են նաև Թբիլիսիի քաղաքապետարանի ճարտարապետական ծառայությանն ու հսկողության ծառայությանը՝ Նորաշեն եկեղեցու շուրջ պարիսպ կառուցելու առնչությամբ։ Մասնավորապես, նամակում հարցվում է պատմական հուշարձանի մերձակայքում շինարարական աշխատանքների անցկացման թույլատրելի լինելու, նման աշխատանքների համար թույլատվություն ստանալու անհրաժեշտության մասին, ինչպես նաև այն ծառայության մասին, որը պատասխանատու է հիշյալ թույլտվությունները տալու համար։
Կազմակերպության անդամները նաև հայտնում են, որ պատասխաններ ստանալուց հետո Ասամբլեան հասարակությանը կհայտարարի հիշյալ թեմայի շուրջ իր գործողությունների հետագա ռազմավարության մասին։ --0--