Շուրջ 20 հայ սաքսոֆոնահար կմասնակցի առաջին հանրապետական մրցույթին

31.10.2008, 15:02
Շուրջ 20 հայ սաքսոֆոնահար կմասնակցի առաջին հանրապետական մրցույթին
Շուրջ 20 հայ սաքսոֆոնահար կմասնակցի առաջին հանրապետական մրցույթին

Սաքսոֆոնահարների առաջին հանրապետական մրցույթին, որը կանցկացվի նոյեմբերի 1-6-ը Երևանում, կմասնակցի 18-30 տարեկան 17 երաժիշտ, տեղեկացրեց «Հայաստանի երիտասարդ սաքսոֆոնահարների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Մանուչարյանը։

«Մրցույթի անցկացումն ուղղված է երաժշտության այս ուղղության զարգացման աջակցությանը», - ասաց Մանուչարյանը ուրբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, արդեն նոյեմբերի 1-ին տեղի կունենա մասնակիցների վիճակահանությունը, կիրակի կանցկացվեն մասնակիցների լսումները, իսկ այնուհետև՝ նոյեմբերի 4-ին նախատեսված է երկրորդ փուլի անցկացումը։ Մրցանակաբաշխությունն ու գալա-համերգը ծրագրված են նոյեմբերի 6-ին և կանցկացվեն Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Սաքսոֆոնահարների հանրապետական մրցույթը կանցկացվի երկու փուլով, երկու տարիքային խմբերով՝ «А» (մինչև 18 տարեկան) և «B» (18-ից 30 տարեկան)։

Փոքր տարիքային խմբում մրցույթի հաղթողներին կհանձնվեն դիպլոմներ և դրամական պարգևներ՝ I մրցանակ – 150 հազ. դրամ (մոտ 500 դոլար), II մրցանակ՝ 100 հազ. դրամ (մոտ 330) դոլար և III մրցանակ՝ 75 հազ. դրամ (250 դոլար)։ «B» խմբում սահմանված են հետևյալ մրցանակները համապատասխանաբար՝ 250 հազ. դրամ (մոտ 830 դոլար), 150 հազ. դրամ և 100 հազ. դրամ։

Մրցույթի պարտադիր ծրագրի մեջ են ներառվել ինչպես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» օպերայի առաջին պարը, Ռոբերտ Պետրոսյանի «Կոնցերտինոն» և Անդրանիկ Ֆատալովի «Խորհելու քմահաճույքը», այնպես էլ օտարերկրյա կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Ֆրանսեզ ՝«Էկզոտիկ պարեր», Կրեպին՝ «Սիլուետ», Բեդարդ՝ «Ֆանտազիա»։

Պատասխանելով մասնակիցների՝ նման փոքր քանակի պատճառի վերաբերյալ «Նովոստի-Արմենիա» գործակալության լրագրողի հարցին՝ ասոցիացիայի նախագահը նշեց մի քանի պատճառներ։ «Դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակներում սաքսոֆոնը դասվում էր արգելված գործիքների թվին, այս միտումը երկար ժամանակ շարունակվում էր երկրում», - ասաց նա։

Բացի այդ, ինչպես նշեց Մանուչարյանը, Հայաստանում երաժշտության այս ուղղության հրատապ խնդիրը անհրաժեշտ գրականության և գործիքների պակասն է։

«Պետությունը պետք է աջակցի, որպեսզի երաժշտական դպրոցների սաներին անվճար գործիքներ տրամադրվի», - ասաց նա։

Խոսելով Ասոցիացիայի հետագա ծրագրերի մասին՝ Մանուչարյանը տեղեկացրեց, որ հետագայում ծրագրվում է ընդլայնել ասոցիացիայի գործունեության շրջանակներն և նման մրցույթներ անցկացնել նաև այլ փողային գործիքներով, մասնավորապես, կլարնետով, տրոմբոնով։

Բացի այդ, Ասոցիացիան մտադիր է վարպետության դասեր կազմակերպել, ինչպես նաև ներգրավել մեկենասներ, ովքեր կօգնեն հայ երաժիշտներին մասնակցել միջազգային մրցույթներին։

Սաքսոֆոնահարների առաջին հանրապետական մրցույթի կազմակերպիչներն են «Հայաստանի երիտասարդ սաքսոֆոնահարների ասոցիացիան», ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

«Հայաստանի երիտասարդ սաքսոֆոնահարների ասոցիացիան» հիմնադրվել է 2005 թ.-ին։ Նրա գործունեության հիմնական նպատակը Հայաստանում փողային գործիքների, մասնավորապես սաքսոֆոնի զարգացմանն աջակցելն է, ինչպես նաև բազմաթիվ միջոցառումներ կազմակերպելը։-0-