2008թ. հոկտեմբերին Երևանում առաջին անգամ տեղի կունենա Կոմիքսների փառատոն
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. առաջին հանգստյան օրերին Երևանում առաջին անգամ տեղի կունենա Կոմիքնսերի (նկարազարդ պատմությունների) փառատոն ։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում նշեց Չոբանյանի փարիզյան ինստիտուտի տնօրեն և Սիջեստ (Sigest) ֆրանսիական հրատարակչության տնօրեն Ժան Սիրապյանը, միջոցառման կազմակերպիչներն իրենց առջև նպատակ են դրել Հայաստան բերել պատկերավոր արվեստների այս ուղղությունը։
«Նկարազարդ պատմությունները մեծ հետաքրքրություն և ուշադրություն են վայելում աշխարհի շատ երկրներում, սակայն Հայաստանում դրանք դեռևս հայտնի չեն հասարակության լայն զանգվածներին»,- ասաց նա։
Այս կապակցությամբ Սիրապյանը նշեց, որ Հայաստանում նման միջոցառման անցկացման գաղափարն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ 2006թ. հոկտեմբերի սկզբին Սիջեստ հրատարակչությունը տպագրեց հայերեն լեզվով նկարազարդ պատմությունների առաջին ժողովածուն՝ կոմիքսների աշխարհահռչակ հերոս-պատանու Տանտանի (Tintin) մասին։
«Երևանում Կոմիքսների փառատոնի անցկացման գաղափարը արժանացավ Կոմիքսների և պատկերների ազգային կենտրոնի համընդհանուր աջակցությանը։ Այս կենտրոնն արդեն 34 տարի շարունակ ֆրանսիական Անգուլեմ քաղաքում կազմակերպում է Կոմիքսների միջազգային փառատոն»,- պարզաբանեց նա։
Սիրապյանի խոսքերով, միջոցառման կազմակերպիչները, փառատոնին պատրաստվելու շրջանակներում, մի շարք հանդիպումներ են ունեցել Հայաստանում, որոնց արդյունքները բավական հուսադրող էին։
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, ինչպես նաև ՀՀ մշակույթի փոխնախարար Սյուզան Խաչատրյանը մեծ հետաքրքրություն են արտահայտել այդ նախագծի նկատմամբ և պատրաստ են ցանկացած օժանդակություն տրամադրել այն իրականացնելու համար»,- ընդգծեց նա։
Միաժամանակ, Սիրապյանն ավելացրեց, որ Ֆրանսիայի դեսպանատունը պատրաստ է իր վրա վերցնել փառատոնի անցկացման համար անհրաժեշտ տարածքի և նախապատրաստական աշխատանքների պատասխանատվությունը, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը՝ փառատոնի հյուրերի մեր երկիր ժամանման և այլ կազմակերպչական աշխատանքների համար։
«Այսօր ուսումնասիրում ենք Հայաստանի ֆրանսիական համալսարանում կամ էլ Երևանի թատրոններից մեկում, մասնավորապես՝ Կամերային թատրոնում փառատոնն անցկացնելու հնարավորությունը», - պարզաբանեց նա։
Հրատարակչության տնօրենը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է փառատոնի մասնակիցների, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի նկարազարդ պատմությունների և գրաֆիկական վեպերի գծով մասնագիտացող ուսանողների համար սեմինարներ անցկացնել կոմիքսների ոլորտում առաջատար մասնագետների մասնակցությամբ։
«Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա այցելելով՝ մենք հաճելիորեն զարմացանք, հայտնաբերելով, որ Հայաստանում կան շատ տաղանդավոր մարդիկ, ովքեր հետաքրքրվում են կոմիքսների ստեղծմամբ»,- ասաց Սիրապյանը։
Այս կապակցությամբ Հայաստանում առաջին նկարազարդ պատմությունների հեղինակ, նկարիչ Տիգրան Մանգասարյանն ասաց, որ արվեստի այս ուղղությունը որոշ աստիճանով կապող օղակ է կինոմատոգրաֆի և տպագրական գրականության միջև։
«Հայաստանում կան իրենց կոմիքսին նվիրած մարդիկ, որոնք ոգևորվել են փառատոնին մասնակցելու և դասախոսություններ լսելու հնարավորությամբ, մասնավորապես՝ Երգիծանկարիչների միության անդամները, Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետի ուսանողները, մուլտիպլիկացիայի ժանրի մասնագետները, ինչպես նաև առանձին նկարիչ-գծագրողներ»,- ասաց նա։
Մանգասարյանի խոսքերով, ենթադրվում է, որ փառատոնին մասնակցելու են մոտ 100 մարդ, որոնք կարող են անհրաժեշտ ողջ տեղեկատվությանը ծանոթանալ փառատոնի կազմակերպիչների գրասենյակում, որն իր աշխատանքը Երևանում կսկսի հաջորդ տարվա գարնանը։
Իր հերթին, Անգուլեմի փոխքաղաքապետ, Կոմիքսների և պատկերազարդումների ազգային կենտրոնի նախագահ, ինչպես նաև Ֆրանսիայում կոմիքսների միջազգային փառատոնի տնօրեն Ժան Մարդիկյանը (Jean Mardikian) նշեց, որ 2006թ. Անգուլեմի կոմիքսների փառատոնին Մանգասարյանի մասնակցությունից հետո գաղափար առաջացավ Հայաստանում ստեղծել կոմիքսների դպրոց, որը հետագայում վերափոխվեց փառատոն և մաստեր-կլասներ անցկացնելու մտահղացման։ Դա, ինչպես կարծում է Մարդիկյանը, կօգնի ի հայտ բերել այս ուղղության գծով Հայաստանում գործող նկարիչների ներուժը և մասնագետներին։
«Ուրախալի է, որ ՀՀ մշակույթի նախարարությունում գտնվեցին մարդիկ, որոնք հետաքրքրվեցին այս նախագծով և դրա իրականացմանն ամեն կերպ աջակցելու պատրաստակամություն հայտնեցին։ Մենք ցանկանում ենք Հայսատան բերել Անգուլեմի ոգին, և եթե դա մեզ հաջողվի, ապա դրանում մեծ կլինի նաև ՀՀ մշակույթի փոխնախարար Սյուզան Խաչատրյանի վաստակը»,- ընդգծեց նա։
Ֆրանսիացի լրագրող Լորան Մելիքյանի (Laurent Melikian) խոսքերով, երկրորդ անգամ Հայաստան գալով, նա նկատեց, որ հասարակության մոտ մեծացել է հետաքրքրությունը կոմիքսների նկատմամբ։
«Եթե նախկինում Հայաստանում ոչ մեկը չէր հետաքրքրվում նկարազարդ պատմություններով, ապա հիմա իրավիճակը փոխվել է։ Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված ոչ միայն փառատոնի կազմակերպման տեսանկյունից, այլև Հայաստանում կոմիքսների ապագայի նկատմամբ»,- ասաց Մելիքյանը։
Կոմիքսների փառատոնի կազմակերպիչներն են Չոբանյանի ինստիտուտը՝ Կովկասի, Թուրքիայի և Մերձավոր Արևելքի հիմնախնդիրների ուսումնասիրման անկախ գիտական ռազմավարական կենտրոնը և Ֆրանսիայի կոմիքսների և պատկերների ազգային կենտրոնը՝ Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարությունների, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ։
Կոմիքսների 35-րդ միջազգային փառատոնը ավանդաբար տեղի կունենա Անգուլում 2008թ. հունվարի վերջին շաբաթ-կիրակի օրերին։
Նկարազարդ պատմություններ ստեղծելու պատկերավոր արվեստների ուղղությունը լայնորեն տարածված է ամբողջ աշխարհում։ Մասնավորապես՝ իրենց մասնագիտական կարերան կոմիքնսերին (կոմիքսների ֆրանսիական անվանումն է band desine) են նվիրել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի (graphic novel), Իտալիայի (fumetti), Իսպանիայի (tebeos), Պորտուգալիայի (quadringo), Ֆինլանդիայի (sarjakuva), ինչպես նաև Ճապոնիայի (manga), Կորեայի (manwha) և Չինաստանի (manhua) բազմաթիվ նկարիչներ։ --0—