Beeline–ը Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի հովանավորն է

12.02.2016, 18:56
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն Հայաստանում անցկացվող Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի հովանավորն է, որն այս տարի կրում է «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը։
Beeline–ը Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի հովանավորն է

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) Հայաստանում անցկացվող Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի հովանավորն է, որն այս տարի կրում է «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։ 

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 20-ին ժամը 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում։ Փառատոնի բացումը կմեկնարկի «Լեդին ֆուրգոնում» ֆիլմով: Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված են «Օսկար» մրցանակին առաջադրված միանգամից մի քանի ֆիլմ:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի հնարավորություն է` ներկայացնելու բրիտանական ֆիլմարտադրության լավագույն նմուշները: Մշակույթը հիանալի միջոց է այնպիսի երևույթների մասին տեսակետների փոխանակման համար, ինչպիսիք են մարդու իրավունքները, արդարադատությունը և բազմազանությունը, ուստի մենք հպարտ ենք համաֆինանսավորել այս փառատոնը: Առաջարկվող ֆիլմերը, իսկապես, շատ լավն են, և մենք հուսով ենք, որ դրանք կարժանանան մեր հայ բարեկամների հավանությանը»,- նշել է Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշել է, որ արդեն չորրորդ տարին անընդմեջ ընկերությունն աջակցում է փառատոնի իրականացման գործընթացին, ինչն օգնում է ներկայացնել Բրիտանական կինոարվեստի լավագույն ֆիլմերը հայ հանդիսատեսին։

«Որպես կանոն, փառատոնը մեծ համբավ է վայելում երիտասարդների շրջանում, իսկ որակյալ ֆիլմերը ոգեշնչում են երիտասարդ սերնդին հասնելու նորանոր բարձունքների ի շահ հասարակության և երկրի։ Ուրախ ենք, որ բրիտանական ֆիլմերի ցուցադրության ցանկում այս տարի ընդգրկվել են նոր մարզեր և այդ մարզերի երիտասարդներին էլ կարող են բացահայտել իրենց համար լավագույնները, իսկ մենք էլ մեր հերթին կփորձենք դարձնել նրանց կյանքն էլ ավելի լավը»,- նշել է Անդրեյ Պյատախինը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի խոսքով` այս տարի ֆիլմերը պատմում են սիրո, սեփական իրավունքների, արդարության և իրենց երազանքների համար պայքարող մարդկանց մասին:

«Փառատոնի ծրագիրը բազմազան է թե´ թեմաների ընտրութամբ, և թե´ ֆիլմերի ժանրային առանձնահատկությամբ: Ֆիլմերի ընտրությանը Բրիտանական խորհուրդը մոտեցել է ամենայն պատասխանատվությամբ` նպատակ ունենալով մեր հանդիսատեսին ներկայացնել միայն լավագույնը», – նշել է Սարիբեկյանը։

Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։ Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 20-ից 26-ը Մոսկվա կինոթատրոնում` յուրաքանչյուր օր երեք անգամ։ Փետրվարի 27-ին Փոքր թատրոնում կցուցադրվի «Մաքսին Փիքի Համլետը» և «Սիրիայի թագուհիները» ֆիլմերը։ «Մաքսին Փիքի Համլետը» ֆիլմը ցուցադրվում է Շեքսպիրի մահվան 400-րդ տարին նշանավորող միջոցառումների շրջանակում: Փառատոնը մարզերում այս տարի կընդգրկի Ապարան, Դիլիջան և Ալավերդի քաղաքները: Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։
Այս տարի փառատոնի հյուրն է Սայմոն Ուիլքինսոնը, ով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կներկայացնի «The Cube» ֆիլմ-ներկայացումը, որը վիրտուալ իրականության, թատրոնի, կինոյի և լուսանկարչությանը միաձուլում է:
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-