Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Արման Մանարյանը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր` փետրվարի 16–ին, 86 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Արման Մանարյանը, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
Արման Մանարյանը ծնվել է 1929 թվականին, Թեհրանում, 1946 թվականին հայրենադարձվել է Հայաստան:
Ականավոր կինոռեժիսորը սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա Երևանի պետական կոնսերվատորիայում: Այնուհետև ուսումը շարունակել է Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ):
1961 թվականին Մանարյանը նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը, ապա՝ «Կարինե» (1967 թ.), «Մորգանի խնամին» (1970 թ.), «Հեղնար աղբյուր» (1971 թ.), «Վերադարձ» (1972 թ.), «Սպիտակ ափեր» (1975 թ.), «Եվս հինգ օր» (1978 թ.), «Կապիտան Առաքել» (1985 թ.), «Ընկեր Փանջունի» (1992 թ.) խաղարկային ֆիլմերը:
Արման Մանարյանը գրել է մի քանի ֆիլմերի սցենարներ: Նրա հեղինակմամբ ստեղծվել են «Հայելու հեքիաթը» (1984 թ.), «Տգետը» (1995 թ.) անիմացիոն ֆիլմերը, ինչպես նաև «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը (2001-2010 թթ.):–0–