Ավելի քան 20 նախագիծ է ներկայացվել 2016թ.–ին հայ–թուրքական կինոհարթակի շրջանակում

11.07.2016, 18:08
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում անցկացվող հայ–թուրքական կինոհարթակում այս տարի կներկայացվի 23 նախագիծ, երկուշաբթի հարթակի բացման ժամանակ ասաց կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը։
Ավելի քան 20 նախագիծ է ներկայացվել 2016թ.–ին հայ–թուրքական կինոհարթակի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում անցկացվող հայ–թուրքական կինոհարթակում այս տարի կներկայացվի 23 նախագիծ, երկուշաբթի հարթակի բացման ժամանակ ասաց կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը։

«Այս տարի հարթակի մրցանակակիրներ կդառնան երկու նախագծեր, որոնք կստանան համապատասխանաբար 7500 և 5000 եվրո։ Ուզում եմ նշել, որ հարթակի շրջանակում 2015 թ.–ին նկարահանված ֆիլմերն արժանացել են միջազգային ուշադրության», – ասաց Հարությունյանը։

«Անադօղլու կուլտուր» կազմակերպության խորհրդական, պրոդյուսեր Չիգդեմ Մատերն իր հերթին նշեց, որ հարթակի գործունեության հիմնական նպատակն է համախմբել թուրք և հայ կինոարտադրողներին։

«Ուրախալի է, որ կինոհարթակի գործունեության տարիների ընթացքում նկարահանվել է 15 ֆիլմ», – ասաց Մատերը։

Հայ–թուրքական կինոհարթակն առաջին անգամ ներկայացվել է 2009 թ.–ի ապրիլին Ստամբուլի 28–րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ` «Հանդիպումներ կամրջի վրա» ծրագրի շրջանակում։ 2011 թ.–ին, «Ոսկե ծիրան» Երևանի 8–րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, ցուցադրվեցին կինոհարթակի ձևաչափում նկարահանված առաջին հինգ ֆիլմերը, իսկ 2012 թ.–ին Երևանում կինոփառատոնի օրերին ներկայացվեց չորս ֆիլմ։ Գործունեության տարիների ընթացքում ավելացավ ոչ միայն մասնակիցների թիվը, այլ նաև բարձրացավ ներկայացվող ֆիլմերի մակարդակը։

«Ոսկե ծիրան» XIII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 10–17–ը։

ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:

Այս տարի փառատոնի պատվավոր հյուրը կլինի բրիտանացի կինոդերասանուհի, համաշխարհային կինեմատոգրաֆի աստղ Ժակլին Բիսեթը։

Այս տարի «Ոսկե ծիրան» XIII միջազգային կինոփառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25–ամյակին։ Կինոփառատոնի շրջանակում կներկայացվի մոտ 135 ֆիլմ, որոնցից 43–ը` մրցութային երեք ծրագրերում` «Խաղարկային ֆիլմերի մրցույթ», «Վավերագրական ֆիլմերի մրցույթ» և «Հայկական համայնապատկեր»։

Կինոփառատոնի շրջանակում կցուցադրվեն համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների գլուխգործոցները «Երևանյան պրեմիերա», «Հայացք դրսից և ներսից», «Հատուկ ցուցադրում», «Հայ կինո. նոր ժամանակներ», «Շեքսպիրն ապրում է կինոյում», «Ֆրանսիական կինոծրագիր», «Դանիական նոր կինո» և «Բասկական նոր կինո» ծրագրերի շրջանակում։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից, այն տարածաշրջանի ամենաճանաչված փառատոներից մեկն է: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և VivaCell-MTS ընկերության աջակցությամբ։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։

2010 թվակաժնին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:–0–