ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն նախնական համաձայնություն է տվել մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին նկարահանվող ֆիլմում։ Այս մասին, ինչպես հաղորդում է Lenta.ru–ն, տեղեկացնում է «Դոժդ» հեռուստաալիքը` հղում անելով Knightsbridge Entertainment կինոընկերությանը մոտ կանգնած աղբյուրներին։
Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2016 թ.–ի գարնանը, իսկ մեկ տարի անց ֆիլմը պետք է հայտնվի վարձույթում։
Այն կնկարահանվի Ռուսաստանում, ԱՄՆ–ում և Եվրոպայում։
Քեյթ Ուինսլեթը խնդրել է Ակադեմիային «Օսկար» տալ Լեոնարդո Դի Կապրիոյին >>
Knightsbridge Entertainment–ի թոփ–մենեջեր Վալերի Սահարյանի խոսքով` ֆիլմի աշխատանքները սկսվել են 2015 թ.–ին, սցենարը գրեթե պատրաստ է։ Ֆիլմում կնկարահանվեն առաջին մեծության հոլիվուդյան աստղեր, որոնց անունները դեռ չեն հրապարակվում։ Ռեժիսորը ևս աշխարհահռչակ մարդ է։ Ֆիլմի պրոդյուսերը Մարկ Դեյմոնն է, ով նախկինում դերասան է եղել։ Դեյմոնի պրոդյուսերական աշխատանքներից են «Հրեշը», «Լիլանդի միացյալ նահանգներ» և «Երկու հրանոթներ» ֆիլմերը։
Հեռուստաալիքի հաղորդմամբ` ՌԴ նախագահը տեղյակ է նկարահանվող ֆիլմի մասին։
Հունվարին Welt am Sonntag գերմանական թերթին տված հարցազրույցում ԴիԿապրիոն նշել է, որ կցանկանար մարմնավորել Պուտինի, ինչպես նաև Վլադիմիր Լենինի և Գրիգորի Ռասպուտինի կերպարները։
41–ամյա ԴիԿապրիոն նկարահանվել է բազմաթիվ հայտնի ֆիլմերում` «Տիտանիկ», «Սկիզբ», «Ուոլլ–սթրիթի գայլը», «Նյու Յորքի ավազակախմբերը» և «Ինչ է անհանգստացնում Գիլբերտ Գրեյփին»։ «Ողջ մնացածը» ֆիլմի համար ԴիԿապրիոն առաջադրվել է «Օսկարի» «Լավագույն դերասան» անվանակարգում։ –0–