Զվարթնոց միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր՝ 2 անվանակարգում
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն արժանացել է ASQ Customer Experience Awards հեղինակավոր մրցանակների՝ երկու անվանակարգում։
Այս մասին հայտնել են օդանավակայանի Facebook-յան էջում։
Օդանավակայանն արժանացել է «Լավագույն օդանավակայան Եվրոպայում» (Best Airport in Europe) և «Ամենանվիրված անձնակազմ» (Most Dedicated Staff) անվանակարգերին։
Նշենք, որ «ASQ Customer Experience Awards»-ը ուղևորների սպասարկման և փորձառության գնահատման ոլորտում համաշխարհային հեղինակավոր մրցանակներից է, որը շնորհվում է «Airports Council International World» միջազգային կազմակերպության կողմից։
Մրցանակակիրները որոշվում են բացառապես ուղևորների անկախ և անմիջական գնահատականների հիման վրա՝ ստանդարտացված հարցումների միջոցով։
Զվարթնոց միջազգային օդանավակայանը հաղթողների խմբում է տարեկան 5–15 միլիոն ուղևոր սպասարկող օդանավակայանների անվանակարգում, որտեղ ընդհանուր առմամբ գնահատվել են 39 օդանավակայաններ Եվրոպայից։

