ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. UTair ավիաընկերությունը հերքել է Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռի խափանման լուրը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանում UTair –ի պաշտոնական ներկայացուցիչ «Սալյուտ ավիա» ՍՊԸ վաճառքների և փոխադրումների բաժնի պետ Մամիկոն Սահակյանը։
Չորեքշաբթի առավոտյան ռուսական ԶԼՄ–ները հայտնել են, որ «UTair» ավիաընկերությանը պատկանող «Boeing 737» օդանավը, որը պետք է կատարեր Մոսկվա–Երևան չվերթը, առավոտյան չի կարողացել օդ բարձրանալ կոտրված փականների պատճառով։ Հաղորդվել էր, որ տեխնիկական ծառայությունները զննում են ինքնաթիռը Շերեմետևո օդանավակայանում այն բանից հետո, երբ օդանավի օդաչուն օդ բարձրանալուց առաջ զեկուցել է կրիտիկական խնդրի մասին։ Լրատվամիջոցների տվյալներով, ուղևորներին տեղափոխել են մեկ այլ օդանավ, և նրանք մեկնել են Երևան։
Մոսկվա–Երևան ինքնաթիռի օդաչուի զգոնությունը փրկել է ուղևորների կյանքը>>
«Տեխնիկական որևէ խնդիր չի եղել, ինքնաթիռը ոչ մեծ ուշացումով մեկնել է Մոսկվայից Երևան, և նախատեսված ժամանակացույցով տեղական ժամանակով 15։00–ին Երևանից մեկնել է Մոսկվա»,– ասաց Սահակյանը։
Նրա խոսքով, Մոսկվայից չվերթի 20–րոպեանոց ուշացումը կապված չէ տեխնիկական խնդրի հետ, ինքնաթիռը նորմալ վիճակում էր։
Նա նաև նշեց, որ եթե իսկապես փականների խնդիր առաջանար, ապա այն հնարավոր չէր լինի վերացնել 20 րոպեում, ինչպես և այդ ընթացքում հնարավոր չէր լինի փոխել օդանավը։
«Բացի այդ, պետք է նշել, որ մեր ավիաընկերությունը Մոսկվայում ավիաչվերթեր է իրականացնում բացառապես Վնուկովո օդանավակայանից, այդ իսկ պատճառով Շերեմետևո օդանավակայանի աշխատակիցների կողմից խափանման վերացման մասին հիշատակումը լռելյայն ճիշտ լինել չի կարող, քանի որ ավիաընկերությունը տվյալ օդանավակայանում չի սպասարկվում»,– ասաց Սահակյանը։
Նմանատիպ հերքում չորեքշաբթի տարածել է նաև Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։ Հայտարարությունում ընդգծվում է, որ ավիաընկերությունը թռիչքներ չի իրականացնում «Շերեմետևո» օդանավակայանով։ ՔԱԳՎ–ում ընդգծեցին նաև, որ թռիչքի ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել։ -0-